Ինչ ներման մասին է խոսում Վիտալի Բալասանյանը․...

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի նախագահի թեկնածու, գեներալ-մայոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցը LiveNews-ի հետ բավական կոշտ հայտարարություններ է պարունակում, ուղղված Հայաստանի գործող իշխանություններին, հայաստանյան ներքաղաքական կյանքը ներկայացնող իրականությանը առհասարակ։

Վիտալի Բալասանյանը, ընթերցողը կհիշի, որ 2016-ի ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի ժամանակ բանակցողն էր հարձակումն իրականացրած «Սասնա Ծռեր» խմբավորման եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների միջեւ։ Նա նաեւ աչքի է ընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կոշտ կեցվածքով։

Հենց այդ դեպքերի առնչությամբ խոսելով, նա մասնավորապես ասել է․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։ Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին ակնարկելով, «որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»:

Ի պատասխան էլ, իր կողմից է հայտարարում, ի լուր բոլորի եւ հատկապես` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձել նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու։ Այս հայտարարություններից հետո Հայաստանում սկսվել է բավական լուրջ արշավ գործող իշխանության ներսում գտնվող, պայմանականորեն «սորոսական» անվանումը ստացած թեւի ներկայացուցիչների եւ նրանց մոտ կանգնած շրջանակների կողմից ընդդեմ Վիտալի Բալասանյանի։

Թե ինչու հենց «սորոսականներն» են սկսել արշավը, դժվար է ասել, գուցե Բալասանյանի խոսքում նաեւ իրենց հասցեագրված մտքեր տեսնելով, սակայն հետաքրքրականն այստեղ այն է, որ Վիտալի Բալասանյանը խոսում է 2016-ին «ՍԾ»-ին ներելու մասին։

Ինչպես նկատել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ, «ի՞նչ է նշանակում ներեցինք ահաբեկիչներին: Ու՞մ հաշվին ներեցիք, ո՞վ էր թույլ տվել ձեզ ներել» եւ առհասարակ, եթե Հայաստանի գործող նախկին իշխանությունների կողմից ներելու մասին է խոսքը, արդյոք դա զուտ ներողամտություն էր, թե դրսի արտաքին ուժերի կողմից պարտադրված «ներողամտություն», եւ հետո, ինչու են սորոսականները այդքան ջերմագին կերպով ձեռնամուխ եղել ՍԾ-ի պաշտպանության գործին՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի արշավ սկսելով։

Սա չի նշանակում արդյոք, որ կա որոշակի կապ նրանց՝ «ՍԾ»-ի եւ սորոսականների միջեւ ու եթե այո, դա կարող է մեկնաբանվել որպես մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող ցանցի առանձին ճյուղերը լինելու հանգամանքով։ Սրանք չափազանց կարեւոր հարցեր են, քանի որ սրանց պատասխանները կարող են Հայաստանի, որպես պետության լինելիության հետ կապված չափազանց էական իրողություններ պարզել ժողովրդի համար։