Ինչ կլինի ԱՄՆ-Իրան առճակատման ներկա փուլում․...

Կատարվեց այն, ինչին բոլորը թեեւ սպասում էին, սակայն հույս ունեին, որ ամեն դեպքում գործը դրան չի հասնի․ Իրանը հարվածեց Իրաքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազայի։

Ըստ իրանական աղբյուրների կա ութսուն զոհ ամերիկյան կողմից։ Շատ մասնագետներ այս թիվը համարում են չափազանցված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին մի կողմից Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, մյուս կողմից նախագահի վարչակազմին կոչ է արել չշարունակել սադրանքները։

Նախընտրական Ամերիկայի համար սա ամենավատ սցենարային զարգացումներից էր։ Պատահական չէ, որ մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի պետքարտուղար Մայք Պոմպեոն համոզի Թրամփին հաստատել Սուլեյմանիի սպանության օպերացիան։

Ի դեպ, իրանական պատասխան գործողությունը կոչվում է «Նահատակ Սուլեյմանի»։ Իրանը այս փուլում թերեւս այս հարվածով կբավարարվի։ ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ պատասխան հարված չի տա, քանի որ հակառակ դեպքում կսկսվի արդեն լայնածավալ պատերազմ։ Բացի այդ, նախընտրական շրջանում Թրամփին, ով ձգտում է երկրորդ ժամկետի համար ընտրվել, ձեռնտու չէ պատերազմը։

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ամենամոտ դաշնակից Իսրայելում եւս ներքաղաքական խնդիրներ կան եւ Թել-Ավիվը եւս չի շտապի ներքաշվել հակաիրանական ռազմական արշավի մեջ։ Ըստ ամենայնի լայնածավալ պատերազմը կարող է հետաձգվի, գոնե մինչեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտ։ Սակայն ամեն դեպքում Թրամփի բուռն ու պոռթկուն, երբեմն էլ անկանխատեսելի խառնվածքից ելնելով, ֆորս-մաժորները կարող են հավանականության բարձր տոկոս ունենալ։