Ի՞նչ էր հասկացնում Սերժ Սարգսյանը եվրոպացիներ...

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած համաեվրոպական ամենամեծ քաղաքական ուժի՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ, եթե ուշադիր ենք կարդում ելույթը, ապա հասկանում ենք, որ այն ուղղված էր արտաքին աշխարհին եւ հայաստանյան լսարանի սպառման համար նախատեսված չէր։ Ինչպես եւ ՀՀԿ դպրոցի շրջանավարտներից մեկի հարցին ի պատասխան հնչեցված մտքերը, այնպես էլ ելույթը Զագրեբից, կարելի է ասել, որ նույն «հունի» մեջ էին եւ բովանդակային առումով, եւ ուղերձներով, որոնք պարունակում էին իր մեջ։

Հանրապետության երրորդ նախագահը սակայն, այս անգամ մի նոր տարր է մտցնում, շեշտադրելով իր՝ անարյուն իշխանությունից հեռանալու հանգամանքը, հանուն խաղաղության ու անվտանգության պահպանման։ Երկրի վիճակի մասին գնահատականների հարցում Սերժ Սարգսյանի մոտեցումները առանձնապես չեն տարբերվում օրինակ Ջիանի Բուքիքիոյի հայտնի հայտարարությունից։ Մի դեպքում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասում էր, որ պետք է հնարավորություն տրվի, որ Սահմանադրությունը գործի, այսինքն թե այդ գործունեությունը խոչընդոտված է, մյուս դեպքում Հանրապետության նախկին ղեկավարը ասաց, որ «խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը»։

Ավելի հետաքրքրականը թերեւս Ղարաբաղյան կարգավորման մասով ասածն է, ըստ որի Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ դա պետք է Ադրբեջանում կրկին լսեն ու հասկանան։ Սա արդեն որոշակի ուղերձ ունի իր մեջ, քանի որ դեռ իշխանափոխության օրերին էր քննարկվում հարցը, որ ամեն ինչ արվում է, որովհետեւ կա Ղարաբաղյան թնջուկը եւ այն պետք է լուծել, իսկ Սարգսյանը չի ուզում լուծել այն հունով, որը նախանշված է։ Համաժողովի ելույթի հայտարարությունը կրկին ազդակ էր, որ անկախ աշխարհաքաղաքական կոնյուկտուրաներից ու շահերով պայմանավորված դասավորություններից, Արցախը չի կարող զոհ գնալ նման խաղերին։

Երրորդ կարեւոր դրվագը Հայաստան-ԵՄ հարաբերություններն են։ Այստեղ Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ հարաբերությունների ներկա վիճակի հիմնադիրը, այսպես ասած ինքն է, ու ամեն բան զարգանում է այն հունով, որը գծվել է իր օրոք։ Սա թերեւս կարող է ցավոտ ընկալվի գործող իշխանությունների համար, սակայն արտաքին աշխարհում հարաբերությունները չեն դիտարկվում կոնկրետ անձերով, այլ սահմանված խաղի կանոններով, ստորագրված փաստաթղթերով, ստանձնած հանձնառություններով ու պարտավորություններով։

Ամենեւին կարեւոր չէ Եվրոպայի համար, Նիկոլ Փաշինյանն է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, թե Սերժ Սարգսյանը, կամ հայտնի Պողոսը։ Կարեւոր է, որ ստորագրություն է դրվել ՀՀ անունից, ու այս դեպքում իշխանությունների իրավահաջորդության սկզբունքով պայմանավորված ընթանում է շղթայական գործընթացն հանգրվան առ հանգրվան։ Այս մասը միայն թերեւս կարող է հասցեագրված լինել Փաշինյանի թիմին, որ «շատ մի վեր-վերի թռեք, ես եմ ստորագրել» համաձայնագիրը։