Ի՞նչ է գաղտնի բանակցվում Արցախի հարցով․ ինչու...

2018 թվականին, երբ Փաշինյանին անհրաժեշտ էր պոպուլիզմի մեծ դոզա՝ հասարակական էյֆորիայի կյանքը երկարաձգելու համար,  Փաշինյանը Հանրապետության հրապարակը հռչակեց որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին։ Փաշինյանը խոստանում էր, որ ցանակցած տնտեսական քաղաքական հարց որոշելու է հրապարակը։ Փաշինյանն այսպես էր խոսում մինչև Երևանի ավագանու և Ազգային Ժողովի ընտրությունները։ Ընտրություններն անցան, պողոսները իրենց խնդիրը կատարեցին ու հիմա հրապարակում իրենց կարծիքը հարցնելու կարիքը չկա։ Մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ։

Եվ հիմա անսպասելի չէ, որ նոր իշխանությունները կասկածելի գաղտնիության պայմաններում բանակցություններ են վարում Արցախի հարցի շուրջ։

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի , Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպումը ըստ պաշտոնական աղբյուրների տևել է ավելի քան 3,5 ժամ։ Հանդիպման ավարտից գրեթե մեկ օր անց Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց հանդիպման մասին։ Մինչ այդ իշխանական քարոզչամեքենան վստահեցնում էր, որ բանակցություններ տեղի չեն ունենում։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն զարմանալի սակավախոս մի հայտարարություն տարածեց, որում գրեթե ոչինչ չասվեց հանդիպման բովանդակության մասին։

Եվ մինչ հայկական կողմը վստահեցնում էր, որ բանակցություններ չեն ընթանում ԵԱՀԿ Մինսկի խումը հակառակը փաստող հայտարարություն տարածեց։ Մինսկի խմբի հայտարարությունում մանսավորապես ասվում է․ «Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը»։ Բանակցությունների փաստը հաստատում է նաև Արդբեջանի ԱԳՆ-ն։Այս հանդիպումից հետո, ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ընթացքում, ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը ներկայացրեց Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ յոթ կետի շրջանակում։ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեքստի հայերեն տարբերակի 5-րդ կետում նշվում էր, որ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավոր։ Հետո պարզվեց, որ նախարարը իր անգլերեն ելույթում նման բան չի ասել։Կարաճ ժամանակ անց ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացրեց հայերեն տարբերակում հայտնված հատվածը, որը բացակայում էր նախարարի խոսքում։ Ըստ ամենայնի իշխանությունները ցանկացել էին հայերեն տարբերակում ավելացնել ականջահաճո խոսքեր, որը երբեք չեն համարձակվի ասել միջազգային հարթակներից, իսկ վերջում ստիպված եղան հեռացնել այն:

Արցախի հարցում անտեսանելի գործընթացներ են գնում, որոնք իրապես մտահոգիչ են։ Բանակցությունների ընթացքից տեղեկատվության պակասը, Հայաստանի իշխանությունների խաղաղության միակողմանի քարոզը ինչ խոսք մտահոգիչ են։ Այստեղ է, որ քաղաքական ուժերն ու քաղաքական դաշտի ազդեցիկ անհատ դերակատարները պետք է թողնեն ամեն օր դաշտ նետվող «մեդիակտերով» զբաղվելը և իշխանություններին ստիպեն բացել փակագծերը, որոնք ըստ էության միայն հայաստանիցների համար են փակ։