Իմ ընկեր սենատորներից մեկն ինձ գրեց, որ Քիմի...

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում դերակատարում ունենալու համար:  

«Բրավո Քիմ,

Միևնույն է, չարացած, չկայացած ու գազազած ամբոխը երբեք չի ներել ու չի ներելու գեղեցկությունը:

Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք: Ինչքան էլ դա ձեզ զայրացնի, Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում:

Քիմը, մինչ քվեարկությունը, իր 158 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել բոլոր սենատորներին, որպեսզի վերջիններս քվեարկեն կողմ: Իսկ էդ 158 միլիոնը էդ նույն սենատորների վերընտրության ժամանակ այդ սենատորներին հաստատ պետք են գալու: Իմ ընկեր սենատորներից մեկն ինձ գրեց, որ Քիմի բանակը բոլորին հատ-հատ զանգում և հորդորում է չտապալել քվեարկությունը:

Այնպես որ, իմ սիրելի հայրենակիցների շատ չարացած մի հատված` էդպես սրտակեղեք մի հայհոյեք էդ կնոջը, եթե շնորհակալություն հայտնելու ուժ ձեր մեջ չեք գտնում:

Ես հասկանում եմ, ես շատ լավ գիտեմ, որ կնոջ գեղեցկությունը, կայացած ու երջանիկ լինելը մեր հայրենակիցների հատուկ մի տեսակի, ընդ որում` նաև տղամարդկանց, հասցնում է հոգեխանգարմունքի:

Մի՚ արեք, հայհոյելով, վիրավորելով, դուք ընդամենը բումերանգի սլաքը ուղղում եք դեպի ձեզ ու ձեր երեխաները:
Միեւնույն է, ինչքան էլ հայհոյեք, Քիմը և մնացած գեղեցիկ կայանք շարունակելու են լինել գեղեցիկ ու շարունակելու են անել իրենց գործը:

Ես ասում եմ` Բրավո Քիմ ու Քիմին եմ ուղարկում Սամվել Մկրտչյանի` անգլոամերիկյան պոեզիայի երկհատորյակը, որի առաջին հրատարակությունը Քիմը ունի», - գրել է նա: