«Իմ քայլը»-ի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ստ...

Ապրիլի 27-ին՝ «Քաղաքացու օրը», լարված էր անցել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում: Միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և  Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև: Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել է իր մասնակցությունը միջադեպին:  Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մերժել է Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ով հետամուտ էր գործի ընթացքին, և առաջիններից էր, որ տեղեկացրել էր տեղի ունեցած միջադեպի մասին, երեկ 24news.am կայքին տված հարցազրույցում նշել է.

«Ինձ մոտ լուրջ հարցեր են առաջանում ՀՔԾ-ի աշխատանքի վերաբերյալ: Այդ ինչ զուգադիպությամբ պարոն Բագրատյանի գործը քննում է այն նույն քննիչը, որը քննել էր նաև պարոն Բագրատյանի՝ մարզպետ լինելու ժամանակ եղած քրեական գործը: Վերջինս նույն ձևով կարճվել է»:

Սրա վերաբերյալ Սերգեյ Բագրատյանը Politik.am-Ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը անիմաստ ու ավելորդ նախադասություններ է արտաբերում, և ինքը չի պատրաստվում պատասխանել դրանց, չի ցանկանում «իջնել շրիշակի մակարդակի»: 

Պողոսյանը հայտարարել է նաև, Բագրատյանը, իր  և երկու այլ մարդկանց ներկայությամբ, որոնցից մեկը իր ընկերն է, Պողոսյանի աչքերին նայելով խոստովանել է, որ այդ ամենն արել է, ներողություն է խնդրել: «Դրան ի պատասխան ես ասացի, որ ես չեմ հասցեատերը, նա ինձանից չէ, որ պետք է ներողություն խնդրի, պատրաստակամություն հայտնեց անգամ հանրային կերպով ներողոթւյուն խնդրել»,-նշել է «Իմ քայլը»-ի պատգամավորը:

«Քրիստինե Պողոսյանը ստում է: Իրականում նման բան չի եղել: Իրենք երկուսով՝ փոխմարզպետի հետ ցանկացել են հանդիպել, որի ժամանակ փորձել են հասկանալ՝ խնդիրը ինչպես լուծել: Ես էլ առաջարկել եմ հետևյալը՝ եթե ուզում եք քաղաքակիրթ լուծման ճանապարհ, պետք է դիմումը ետ վերցնեք, և բոլորս միասին՝ միջադեպի մասնակիցներով, հայցենք հանրության ներողամտությունը: Ընդամենը այսքանը: Մյուս ներկան կարող է հաստատել»,-մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը:

Մարիամ Սարգսյան