«Իմ քայլը» հիմնադրամի հերքումը

Հարգելի գործընկերներ,

Ի պատասխան Ձեր ղեկավարած կայքերում մայիսի 21-ին տեղադրված «5 դրամ արժեցող դիմակները վաճառվում են 200 դրամով ու՞ր են գնում միլիարդները» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ ներկրված դիմակներն ու բժշկական պարագաները վաճառքի ենթակա չեն, ի սկզբանե կոմերցիոն որևէ նպատակ չեն ունեցել ու չեն կարող ունենալ:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը 100.000.000 ՀՀ դրամ հատկացնելու որոշում «Իմ քայլը» հիմնադրամը կայացրել է՝ առաջնորդվելով ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը` բուժանձնակազմը հզորացնելու հրամայականով, այնպես էլ՝ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ:

Չինաստանից նշված բժշկական պարագաների ներկրումն իրականացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Պարետատան, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) համագործակցության համատեքստում: Ներկրված բոլոր պարագաները փոխանցվել են Պարետատանն՝ ըստ անհրաժեշտության տնօրինելու համար: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել և´ հայաստանյան, և´ սփյուռքյան այլ հիմնադրամներ: Առավել մանրամասն հրապարակումներ եղել են ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ՖԲ պաշտոնական էջում։

Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է։

            Ակնկալում ենք, որ այս հերքում-նամակը նույնպես կհրապարակվի Ձեր լրատվական կայքերում՝ հերքման պահանջի իրավունքով, իսկ հրապարակման ժամկետների մասին մեզ կտեղեկացնեք:

            Հիմնադրամի հետ կապն առավել հուսալի դարձնելու նպատակով, խնդրում ենք, հետայսու «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող տեղեկությունների ճշգրտման համար դիմել գրավոր հարցումով՝ info@mystep.foundation կամ press@mystep.foundation էլ հասցեներին: Գործունեության հիմքում ունենալով թափանցիկ ու հաշվետու աշխատանքի գրավականը՝ պատրաստակամ ենք մեզ ուղղված գրավոր հարցումներին պատասխանել հնարավոր սեղմ ժամկետներում:   

 

Հարգանքով,

Հովհաննես Ղազարյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն