«Իմ քայլի» պատգամավորը պնդում էր, որ Սերժ Սար...

Նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներ սիրում են պիտակավորել տարբեր հասարակական, քաղաքական գործչների։ Եթե որևէ մեկը քննանդատում է նոր իշխանություններին՝ հայտնվում է մի իշխանավոր և հայտարարում է, որ իրենց ընդդիմախոսը նախկինների շահերն է առաջ տանում։ 

Այս գործում բավական կտրուկ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նախորդ տարվա ավարտին Ենգիբարյանը խոսելով իրենց իշխանության ձախողումները մատնանշող գործիչների մասին հայտարարել էր․«․․․կան քաղաքական շրջանակներ, որոնք զրկվել են իրենց «լափամանից», ու որպեսզի շուտ վերադառնան և նորից ստեղծեն մեր կողմից վերացրած այդ կերակրատաշտը, գործադրում են բոլոր միջոցները։ Ոմանք էլ քրեական գործերով են անցնում, դրա համար ասում են, որ մեր իշխանությունն արդեն ձախողվել է»։

Ենգիբարյանի այս անհաշտ կեցվածքը մեզ ստիպեց փորձել հասկանալ, թե ո՞վ է եղել նա և արդյո՞ք մինչ իշխանափոխությունը իր բնորոշմամբ «իշխանական լափամանին» մոտ չի եղել։  Զարմանալիորեն պարզեցինք, որ նա երկար տարիներ հրապարակային ՀՀԿ շահերն է առաջ տարել։ Ու եթե ՀՀԿ-ականներին պաշտպանելը «լափամանին» մոտ գտնվել  է նշանակում, ապա Ենգրբարյանը այդ «լափամանին» ամենաշատն է ցանկացել մոտ լինել։

Հենց դա էր մոտիվացիան, որ նա 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ փողոց էին դուրս եկել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները, բաց նամակով հանդես եկավ և Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը․«Հարգելի Րաֆֆի,
Սովորաբար փորձում եմ զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններ կատարելուց: Բայց մի տեսակ հիասթափության ալիք է բարձրացել ուղեղումս, քանի որ չափազանց մեծ էր իմ սպասումները Ձեր հետընտրական գործողություններից: 2008-ից հետո Ձեր հավաքները ամենալայնամասշտաբն են և Ձեր առաջին-երկրորդ հավաքների ժամանակ դրական ազդակներ էի ստանում և կարծում էի, որ Դուք կկարողանաք առաջնորդել նախագահ Սարգսյանին դեմ քվեարկած հսկայական զանգվածին դեպի կառուցողական դաշտ և կփորձեք այդ մեծ հնարավորությունը օգտագործել մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար: Սակայն Ձեզ մոտ անոմիայի բաժինը այնքան մեծ է, որ ուզած-չուզած գրեցի:

Փոխարենը խոսեք կոռուպցիայից, անարդարությունից, հովանավորչությունից և վատ կառավարումից անընդհատ խոսում եք ընտրակեղծարարությունից: Ես էլ եմ վստահ, որ եղել են ընտրակեղծիքներ, Հայաստանում վաղուց արդեն չկան մարդիք ովքեր դրանում կասկածում են, բայց այսօր մենք ընտրությունների արդյունքների մասին տեղեկություն կարող ենք ստանալ միայն ԿԸՀ-ից, մեր ընկերներից ու շրջապատից, միջազգային և տեղական դիտորդներից: Կարծիքները, որակումները ու մեկնաբանությունները տարբեր են, բայց մի բան հստակ է` նախագահ է ընտվել Սերժ Սարգսյանը:

Ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք Դուք և Ձեր ընտրողների մի փոքր մասը: Քանի որ Ձեր տեսակետը առ այն որ Դուք եք ընտրվել չի աջակցում մասնագիտորեն դիտորդություն իրականացրած որևէ ոչ-շահագրգիռ կազմակերպություն կամ պետություն, ինձ մնում է միայն հայտարարել, որ Դուք ունեք հետաքրքրությունների և շահերի բախում և զրկված եք արդյունքները վիճարկելու բոլոր բարոյական հնարավորություններից: Հետևաբար Ձեր վարքագիծը այս պահին կարող է ունենալ երեք նպատակ. ա) գնալ կոռուպցիոն գործարքների (այդ թվում ինչ-ինչ շահերի ծառայել), և/կամ բ) իրականացնել իշխանության զավթում գ) Ձեր ընտրողների միջոցով պայքարել երկրում տեղ գտած անարդարությունների դեմ:

Առաջին երկուսը ապօրինի են: Մնում է օգնել, հարկ եղած դեպքում ստիպել ընտրված նախագահին մաքրել իշխանությունը: Եթե սկսվի այդ գործընթացը մի դրոշ էլ ես կվերցնեմ ու կմիանամ: Եթե չեք կարող, ուրեմն խնդրում եմ մարդկանց ուղարկեք տուն, որպեսզի չհիասթափվեն վերջնականապես ամեն ինչից:

Անընդհատ շեշտում եք, որ հայրենասեր եք և ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եք: Րաֆֆի, ես էլ Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եմ, ավելին թե հորս և թե մորս կողմից նախնիները բարձրաստիճան հոգևորականներ են եղել: Մեր ողջ ազգն է վերապրել Ցեղասպանությունը, չեմ կարծում որ դա քաղաքական շահարկման լավ թեմա է, ոչ էլ հպարտանալիք է:

Վերջում տեղեկացնեմ Ձեզ, որ երբևէ չեմ աշխատել պետական համակարգում, ինքս էլ անձամբ բախվել եմ անարդարության միշարք դեպքերի (նաև վճռրորոշ) և համարում եմ որ ինձնից շատ որևէ մեկը չի տածում նողկանք մեր երկրում ավանդույների վերածված կոռուպցիոն երևույթներին: Գտնում եմ որ մեր երկրի զարգացման միակ ուղին ու մեր երկրի փրկությունը եվրոպական ընտանիքին լիարժեք ինտեգրվելն է և ինձնից շատ հայրենասեր էլ չկա: Առանց կաշառք վերցնելու, առանց կաշկանդվելու և միկրոավտոբուսով ուղեկցվելու, առանց որևէ շահի, մաքուր խղճով ընտրել եմ Սերժ Սարգսյանին, հիմա ես ոնց չնեղանամ որ Դուք իմ ընտրությունը չեք հարգում»,-իր նամակում գրել էր Ենգիբարյանը։

Եվ հիմա առնվազն անհասկանալի է, երբ  արդեն «հեղափոխական» իշխանության պատգամավորը խոսում է նախկինների կողմից կեղծված ընտրություններից, նախկինների թալանից և նրանց սպասարկողներից, որոնք զրկվել են «լափամանից»։ Այս հարցում Ենգիբարյանի բախտը կարծես բերել է՝ նա իշխանափոխության արդյուքնում առավել մոտ է կանգնել իշխանական «լափամանին»։