Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանը խոսեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների վերաբերյալ ֆեյսբուքյանբ երեկվա անդրադարձի մասին, այն որակելով «բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ»։
«Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրի ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը երեկ կոչով էր հանդես եկել։ Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը և Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։
Ինձ մոտ տպավորություն է՝ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած ռեպլիկ էր թողնում տակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Ես կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիս պատգամավորի պես»,-ասաց նա։
Թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը, ով նշեց, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն՝ հատկապես հանրային ելույթներում և հանրային վայրերում։
«Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ հիշեցնելու համար պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին: Հուսով եմ, այն տեղ է հասել: Ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքայն գրառումների մակարդակով այստեղ հայտարարություն չանել, հատկապես որ պարոն Մարուքյանն այստեղ չէ»,- իր գործընկերներին խոսք ուղղեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:



