Իմ պլաններով` ուսման վարձերը կբարձրանան միջին...

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ այն աշխատավարձը, որ ստանում է պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանը և աշխատանքին:

«Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձերից: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացումից, դա իրատեսական չէ»,-ասաց նա և նշեց, որ այս վարձերով հնարավոր չէ համալսարանը պահել, առաջիկայում կդնի ուսման վարձերի բարձրացման հարցը:

«Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից, որի շնորհիվ մենք սեպտեմբերից կկարողանանք աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ 15 տոկոս ավելի է վճարելու առաջին կուրսը, իսկ աշխատավարձը բարձրացնելու ենք բոլորինը»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է խելամիտ սահմանների բերել ուսման վարձերը:

«Ես կհամարեմ շոշափելի բարձրացրած, եթե երիտասարդ հեռանկարային մասնագետը դիմի համալսարան՝ աշխատանքի, իսկ այսօր նրանք միայն համատեղությամբ են աշխատում»,-ասաց նա:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, ասաց, որ նախատեսում են դասաժամերի օպտիմալացում, խրախուսման ձևեր՝ նորարարական մեթոդներով դասավանդելու համար, ներդնելու են լավագույն դասախոս մրցանակաբաշխությունը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: Նրանց էին միացել որոշ դասախոսներ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։