Իլհամ Ալիեւը «Վալդայի» ամբիոնից հնչեցրեց հայտ...

Հայաստանում, զբաղված լինելով ներքին քաղաքական բանավեճի կոռեկտության հետ կապված խնդիրների առնչությամբ ծավալված խնդիրներով, եւ հասարակությունը, եւ փորձագիտական-վերլուծական շրջանակները բաց թողեցին կարեւոր մի իրադարձություն, որը այս օրերին ընթանում է Սոչիում։ Խոսքը «Վալդայ» ակումբի 16—րդ ամենամյա նիստի մասին է, որին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Արդեն իսկ կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հնչել են հայտարարություններ եւ երկկողմ հարաբերությունների, ներառյալ նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված։ Հատկանշական է հատկապես այն, որ Պուտին-Ալիեւ հանդիպումը տեղի է ունենում Եվրասիական Տնտեսական միության բարձրագույն խորհրդի երեւանյան գագաթնաժողովից եւ վերջինիս մասնակցելու համար Ռուսաստանի նախագահի՝ Երեւան կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո, ինչը ակամա հուշում է, որ ինչ որ «խմորումներ» են ընթանում Ղարաբաղյան կարգավորման «ճակատում»։

Որքան էլ ցավալի լինի, սակայն փաստը մնում է փաստ, որ Հարավային Կովկասից այս տարի «Վալդայում» ներկայացվեց Ադրբեջանը եւ Ադրբեջանի ղեկավարը բավական հետաքրքիր դիվանագիտություն բանեցրեց, հատկապես ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելով, որոնք չափազանց ուշագրավ են դառնում հայ-ռուսական ներկայիս կնճռոտված հարաբերությունների ֆոնին։

Երեւանում անցյալ մի քանի օրերին իշխանական եւ իշխանամերձ շրջանակները առիթը բաց չէին թողնում Հայաստանի գործող վարչապետի «արժանապատիվ» ու «հպարտ» կեցվածքի մասին խոսելու համար, որպես օրինակ բերելով այն, որ Նիկոլ Փաշինյանը միայն Բաղրամյան 26-ի մուտքից ներս դիմավորեց նախագահ Պուտինին։ Իհարկե մոռացան, որ Հայաստանը Շվեյցարիա չէ եւ ոչ էլ Հարավային Կովկասն` Արեւմտյան Եվրոպա։ Մոռացան նաեւ, որ այս դեպքում խոսքը ինչ որ մեկի մասին չէ, այլ Հայաստանի անվտանգության երաշխավորի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի ղեկավարի։

Երեւանի կողմից թույլ տրված այս սխալները հմտորեն օգտագործեց Ալիեւը, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին ձոներգային հայտարարություններ անելով, ու չմոռանալով հիշեցնել, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում 5 միլիարդ դոլարի պայմանավորվածություններ կան եւ էլի կլինեն։ Պակաս նկատելի չէին նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով Ալիեւի արած հայտարարությունները։ Ալիեւը նոր բան, մեղմ ասած, չի ասել, այլ ընդամենը ֆիքսել է այն, ինչը հայտնի է բոլորին, ու նաեւ Երեւանին եւ ինչի հետ համաձայն է նաեւ Երեւանը։

Մի կողմ թողնենք այն, որ զուտ պատմական տեսանկյունից, իրեն Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ համարող այսօրվա Ադրբեջանի համար մի փոքր խնդրահարույց է Խորհրդային Ադրբեջանի հետ կապված որոշումները, «որպես հալած յուղ» ընդունելն ու դրանց հղում տալը, սակայն այսօրվա Հայաստանը իրեն համարում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը, ինչը նշանակում է, որ ընդունում է Հայկական ԽՍՀ ժամանակներում կնքված ողջ իրավապայմանագրային բազան, ու չունի տարածքային հավակնություններ, որպես ՄԱԿ անդամ պետություն իր հարեւանների հանդեպ՝ հարգելով նրանց տարածքային ամբողջականությունը։

Արցախում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, թե «Արցախն Հայաստան է ու վերջ» միջազգային ասպարեզում որոշակիորեն անընկալելի դարձավ, ու բացասական լույսով սկսեց դիտարկվել, անկախ այն հանգամանքից, թե «սպառողների որ լսարանին էր ուղղված» հենց այս ամենից ելնելով, ինչը փաստվեց «Վալդայի» բարձր ամբիոնից՝ Ադրբեջանի նախագահի կողմից։

Ավելին, եթե ուշադիր կարդանք, կհասկանանք, որ Բաքուն նաեւ չի ընդունում Փաշինյանի՝ Ղարաբաղյան կարգավորման հետ կապված կոնցեպտն առ այն, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի կողմից, քանի որ ԼՂ ժողովուրդ իր համար դա ԼՂ եւ հայ, եւ ադրբեջանցի բնակչության համախումբն է, մի բան, որի մասին որոշակիորեն ակնարկվում է նաեւ Մադրիդյան սկզբունքներում, որը համարվում է բանակցային բազա՝ Ղարաբաղյան կարգավորման համար։