Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին

2883_bՍերժ Սարգսյանի  նախաձեռնությանը դեռևս կողմ է  միայն ՀՅԴ-ն:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ-ն կողմ է: Հրանտ Մարգարյանը երեկ հայտարարեց, որ «Դաշնակցությունը չի մտքափոխվել և պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը»: Նույն օրը Հայ ազգային կոնգրեսն էլ ծավալուն անդրադարձ կատարեց սահմանադրական փոփոխություններին նշելով. « Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացում»: Խորհրդարանական մյուս ուժերը դեռևս հստակ դիրքորոշում չեն հայտնել:

Ըստ էության Սերժ Սարգսյանի  նախաձեռնությանը դեռևս կողմ է  միայն ՀՅԴ-ն: Հայտնի է, որ Դաշնակցությունը տարիներ շարունակ պնդում է կառավարման խորհրդարանական մոդելի անցման արդյունավետության մասին և բազմիցս է խոսել խորհրդարանական կառավարման անցնելու մասին:

Հրանտ Մարգարյանի ղեկավարած կուսակցությունն այն եզակի քաղաքական ուժերից է, որը գրեթե միշտ եղել է իշխանությունների հետ բանակցություններում՝ մերթ ընդ մերթ  դեմ դուրս գալով օրվա իշխանություններին: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն չմիանալով Ազատության հրապարակի քաղաքացիներին անուղղակիորեն սատարեց Սերժ Սարգսյանին, ապա կոալիցիա կազմեց, հետո դուրս եկավ կոալիցիայից, իսկ այսօր ունի լուրջ նախադրյալներ կոալիցիոն կառավարության ձևավորման համար:

Դաշնակցությունում երբեք էլ չեն հերքել, որ ամենաբարձր մակարդակով հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ և քննարկում իրենց և իշխանություններին հուզող հարցեր: Սերժ Սարգսյանը հասկանալով, որ իր ձեռնարկը պետք է սատարման գոնե մի քանի հենք ունենա անունը դրել է կառավարման խորհրդարանական համակարգի  անցում, բայց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուշադիր կարդացած քաղաքացիները իհարկե հասկանում են, որ նոր նախագիծը որևէ աղերս չունի խորհրդարանական համակարգի հետ: Եթե նախագահին ընտրում են ընտրիչները,  նախագահն է նշանակում պաշտպանության ոլորտի պաշտոնները, իսկ վարչապետն է պատասխանատու պատերազմի համար, ապա էլ ուր մնաց կառավարման խորհրդարանական մոդելը: Այս շիլաշփոթի հեղինակն իհարկե լավ գիտեր իր անելիքները, քանի որ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ հարկավոր են սատարող ուժեր և դրանցից մեկն էլ ՀՅԴ-ն է, որը երբեք էլ չի դավաճանել իրեն: Դա այդպես էր նաև քառյակի ձևաչափով քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ:

Հարց է, թե որքա՞ն է արժեցել ՀՅԴ-ի սատարումը: Գիտենք նաև, որ ՀՅԴ-ն  համարվել է «Սփյուռքի հարկահանները», ովքեր կարողացել են տարբեր գաղթօջախներից Հայաստան գումար բերեն, իսկ նրանց նեղացնել պետք չի, եթե իրենք չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել Հայստանում: Այս սատարման համար, բնականաբար, իշխանության մեջ ՀՅԴ-ին պատվավոր մի քանի տեղ է նախատեսված, սակայն դրա մասին այսօր խոսելը դեռ վաղը, քանի որ ՀՅԴ-ն դեռևս պետք է ապացուցի իր ներուժը և պայքարի «դեմ» արտահայտված քաղաքական ուժերի դեմ այնքան ժամանակ մինչև գա հանրաքվեի ժամանակը:

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները ունեն հնարավորություն  քաղաքական իրավիճակ փոխելու համար, սակայն ՀՅԴ-ին նրանցից իսկզբանե պոկելը մեծ գործ է: Այսինքն, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմության մի մասն էլ է ինքը, իսկ մնացածին, եթե կան այդպիսիք ոչնչացնելն է:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 1,325 անգամ
 


Այս թեմայով