Ավելի շատ ունենք քաղաքական ուժերի դիրքավորման խնդիր, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Ազատության հրապարակում կայացած Հ.Յ. Դաշնակցության հանրահավաքին, որն, իրենց խոսքով, դեղին քարտի ցուցադրում էր կառավարությանը՝ վատ աշխատելու համար:
«Վերջին 1-1,5 տարվա ընթացքում Փաշինյանի դեմ հանրահավաք տեղի չէր ունեցել, որովհետև նա ուներ վարկանիշ, և ոչ մի քաղաքական ուժ չէր պատրաստովւմ որևէ քայլի դիմել, և սա, կարելի է ասել, «առաջին ծիծեռնակն էր», երբ քաղաքական ուժն արդեն սկսել է հանդես գալ Փաշինյանին ընդդիմախոսությամբ»,-նշեց քաղաքագետը:
Բոզոյանի կարծիքով՝ այդ փաստն ինքնին մտահոգել է Փաշինյանին, որովհետև ինքը 10-15 հոգով կարողացել է բազմահազարանոց ցույցեր կազմակերպել և իշխանություն փոխել, և վախենում է ցանկացած հարթակից՝ լինի դա փոքրաթիվ թե մեծաթիվ.
«Կարծում եմ, որ Դաշնակցության երեկվա հանրահավաքը լրջորեն մտահոգել է Փաշինյանին, և ենթադրաբար, նա, ի պատասխան դրա, կփորձի ավելի մեծ հանրահավաք իրականացնել, որ ցույց տա, թե ժողովրդի մեծ մասը իր կողքին է: Այս ամենը գնում է դեպի ցնցումների, և Փաշինյանն ինքն է տանում այդ ցնցումներին: Դրանք լուրջ վտանգ են ներկայացնելու Հայաստանի համար»:
Քաղաքատն ընդգծեց՝ Փաշինյանը փորձելու է պատերազմ հայտարարել բոլոր քաղաքական ուժերին.
«Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, և նա հենց դրանից է վախենում: Չեմ ասի, թե այն աստիճանի անկում է ապրել, որ վերջանում է, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ինքն էլ զգում է, որ վարկանիշն անկում է ապրում, որովհետև երկրում որևէ լուրջ փոփոխություն չի կատարվել: Միայն ցնցումներ են: Մարդիկ հեռուստացույցով անընդհատ վատ լուրեր են լսում, ցնցումներ են տեսնում, բռնություն են տեսնում, կենսամակարդակը չի լավանում, սառնարանը չի լցվում, սոցիալական կյանքը չի լավանում: Այս ամենը թատրոն է մեկ անձի համար: Հասարակության մեծ մասը արդեն սկսել է հասկանալ, որ հեղափոխական էյֆորիան միֆ էր, և երբ այդ միֆն արդեն ամբողջական լինի, Փաշինյանը լուրջ պրոբլեմներ կունենա: Ինքը փորձում է ամբողջական իշխանությունն իր ձեռքը վերցնել, որպեսզի վախի մթնոլորտ մտցնելով կարողանա պաշտպանվել»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը:
Մարիամ Սարգսյան