Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս Պավլոպուլոսը Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:
Երկու երկրների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում:
«Ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հաստատելու համար, որ մոտ ապագայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել էին Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը: