Հուլիսի 1-ից պարտադիր կլինի սպանդանոցային մոր...

Այս տարվա սկզբից մսավաճառները և անասնաբույծները բողոքի ակցիաներ էին անցկացնում` պահանջելով վերանայել սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջը, որն ուժի մեջ էր մտել 2020թ.–ի հունվարի 15–ից։ Մասնավորապես, դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն մսի պահանջարկը բավարարելու համար։

Բողոքի ալիքն այնքան մեծացավ, որ կառավարությունը ստիպված վեց ամսով հետաձգեց իր կայացրած որոշումը։ Սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը։ 

Մի քանի օր է մնացել պարտադիր պահանջի կիրառմանը և մենք փորձեցինք հասկանալ, թե այս ընթացքում պետությունը ինչպես է պատարստվել փոփոխությանը։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Հարությունյանը Politik.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ պարտադիր պահանջը կորոնավիրուսի համավարակի պատճառով չի հետաձգվի։ Ինչպես տեղեկացրեց Հարությունյանն, այս ընթացքում բավական մեծ աշխատանք  է կատարվել․ «Այս ամիսների ընթացքում կառուցվել է  20 նոր սպանդանոց, որոնք կմիանան  արդեն գործող 45 սպանդանոցներին։ Այս պահին կառուցվում է ևս 70 սպանդանոց»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից վաճառքի համար նախատեսված մսի համար պարտադիր է լինելու սպանադանոցային մորթը։