ՀԾԿՀ-ն թույլատրել է «ՌուսՀիդրո»-ին վաճառել Սև...

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ համաձայնություն ստանալու նպատակով, որպեսզի իրեն պատկանող Սևան–Հրազդան ՀԷԿ բաժնետոմսերը կարողանա վաճառել, Aysor.am-ին հաղորդեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Հանձնաժողովն ուսումնասիրել է հայտը և 2019 թ. սեպտեմբերի 11-ին տվել է համաձայնություն բաժնետոմսերի վաճառքի մասին», - տեղեկացրեց Լիանա Ազիզյանը։

Նա նշեց նաև, որ ՀԾԿՀ-ին ուղղված գրության մեջ նշված է, որ խնդրում են համաձայնություն տալ ընկերության 90 տոկոս կազմող բաժնետոմսերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը վաճառելուն։

Նշենք, որ 2017 թ. մարտին «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը: 

«Коммерсант» թերթը, հիշեցնենք, այսօր գրել էր, որ «ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին։ Ըստ հրապարակման՝ կասկադի արժեքը կարող է կազմել173 միլիոն ռուբլի: Գնորդից պահանջվում է նաև մարել վարկերը: Գործարքը ձեռնտու է երկու կողմերին, կարծում են փորձագետները, քանի որ «ՌուսՀիդրոն» ազատվելու է պարտքերից, իսկ «Տաշիր»-ը ընդլայնելու է իր ներկայությունը երկրի էներգետիկ հատվածում:

Լիանա Ազիզյանը նշեց, որ սահմանված գործարքը կնքվելու դեպքում հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում ընկերությունից պետք է գործարքի վերաբերյալ պատճեները ստանա։

Փաստաթղթերի պատճեները, սակայն, ՀԾԿՀ-ն դեռևս չի ստացել։

«ՌուսՀիդրոն» «Ինտեր ՌԱՕ»-ից ՀԷԿ-ը գնել է 2011 թվականին 172.9 միլիոն ռուբլիով, վերջինս այն ստացել էր Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ի պառակտման արդյունքում:

«Տաշիր» ընկերությունների խմբին են պատկանում «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը և Հրազդանի ՋԷԿ-ը: