Հրաժարականը՝ փրկություն․ Փաշինյանը պատրա՞ստ է...

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2020թ․ ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ գրանցել է երկնիշ՝ 17,2 տոկոս անկում։ Նման անկում չէր գրանցվել 2009թ․ ճգնաժամից հետո, երբ տարվա կտրվածքով ՀՀ տնտեսությունը նվազեց մոտ 14 տոկոսով։ Նշենք, որ սա առաջին տվյալն է, որը բացահայտում է, թե ինչպիսի վատ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, որը նույնիսկ ՀՀ Վիճակագրության կոմիտեն չի կարողացել «սվաղել»։ Ընդ որում, արձանագրենք, որ անկում գրանցվել է բոլոր ոլորտներում։ 

Նշենք, որ ապրիլին արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսության տարբեր ճյուղերում համատարած գործունեության դադարեցում էր։ Վիճակագրական կոմիտեն նաեւ արձանագրել է, որ առաջին 4 ամիսներին ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Իսկ միայն ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ այս ոլորտն ունեցել է աննախադեպ չափերի՝ 51 տոկոս անկում։ Հաջորդը արտաքին առևտուրն է՝ չորս ամիսների կտրվածքով՝ 10,4 տոկոս անկում, միայն ապրիլին՝ 28,4 տոկոս։ Չորս ամիսների կտրվածքով հաջորդ խոշոր՝ 8,6 տոկոս անկումը եղել է առևտրաշրջանառության ոլորտում։ Միայն ապրիլին՝ մոտ 33 տոկոս անկում։ Ծառայությունների ոլորտում՝ 15,9 տոկոս անկում։ Վիճակագրական կոմիտեն ապրիլին անկում է գրանցել նաև արդյունաբերության ոլորտում՝ 8,6 տոկոս։

Կարելի է ասել, որ սկսած ապրիլ ամսից, Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ազատ անկման ռեժիմում, ինչը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին, քանի որ աշխատանքների մեկ ամսվա դադարից հետո հնարավոր չէ միանգամից վերագործարկվել։ Հատկապես որ աշխատավարձ չստանալու կամ ավելի քիչ ստանալու, արտերկրից մասնավոր տրանսֆերտ չստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերությունները նվազեցնելու իրողությունները շարունակվում են ու ճնշում են տնտեսությանը։ Սա մի իրավիճակ է, որի անմիջական պատասխանատուն կորոնավիրուսի դեմ թթի օղիով եւ պինծեթով պայքարող կառավարությունն է։ Սա մի իրավիճակ է, որը ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ կառավարման հետեւանքով։

Ու եթե սրա դիմաց մենք ունենայիք կորոնավիրուսի վարակման ասենք Վրաստանին մոտ ցուցանիշ, կարելի էր նույնիսկ հաշտվել այդ իրավիճակի հետ, հասկանալով, որ մարդկանց առողջությունը առաջնային է։ Սակայն երբ օրական վարակման ծավալները 300-400 մարդու հաշվով է ավելանում, իսկ օր չի լինում, որ գոնե մի քանի մահ չարձանագրվի, հասկանում ես, որ խնդիրը արդեն համապարփակ է ու սա ոչ թե ձախողում է, այլ կործանում, որը կարող է բերել սոցիալական բունտի եւ հակակառավարական ցույցերի։ Փաշինյանն ըստ էության տապալել է կառավարության գործունեությունը և կորոնավիրուսի համավարակը արագացրել է կործանումը։

Մնում է հուսալ, որ Փաշինյանը կունենա գիտակցություն, որպեսզի կարմիր գծին հասնելուց հետո ինքնակամ հեռանա, ու արյան ու բախումների չգնա, բռնի ուժի կիրառմամբ, թեեւ ասում են, որ Փաշինյանը խաղաղ հեռացողը չէ։