Video. «Հրազդան» տոնավաճառի նախկին առևտրականները ներկայացնում են իրականությունը

ԱշոտՕրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար  Աշոտ Աղաբաբյանը անդրադառնալով  «Հրազդան» տոնավաճառից առևտրականների դուրս գալուն հայտարարել էր, որ բիզնեսը զրկվել է ֆինանսավորումից Գագիկ Ծառուկյանի և Գագիկ Խաչատրյանի մեղքով.«Տեսեք՝ հիմա կա դատարանի վճիռ, որ «Հրազդան»  կենտրոնական մարզադաշտը դատավճռով սննկացած է համարվում եւ ունի պետական կառավարիչ: Հիմա պետական կառավարիչը փորձում է մեզ հետ միասին առողջացման ծրագիր ներկայացնել, որ փորձենք պարտքերը վերադարձնենք եւ պահենք, սարքենք մարզադաշտը: Ամենակարեւորը, որ Հրազդան մարզադաշտը կտրվեց իր ֆինանսավորումից, զրկվեց ֆինանսավորումից, եւ դա ֆինանսների նախարար Գագոյի եւ Ծառուկյան Գագիկի ագահության արդյունքն էր»,-հայտարարել էր պատգամավորը:

«Հրազդան» տոնավաճառից «Առինջ»  առևտրի կենտրոն տեղափոխված առևտրականները հակադարձում են Աշոտ Աղաբաբյանին և ներկայացնում իրականությունը, որի պատճառով ստիպված են եղել դիմել Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Հագուստի վաճառքով զբաղվող Բալայան Ոսկանը  Politik.am -ի հետ զրույցում ասաց, որ իրենք լքել են «Հրազդան»  տոնավաճառը, քանի որ պայմաններն արդեն իսկ անտանելի էին: Ըստ վաճառականի իրենք մի քանի անգամ դիմել են Աշոտ Աղաբաբյանին, սակայն ապարդյուն և ստիպված են եղել դիմել գործարար Գագիկ Ծառուկյանին.«Տեղի համար շատ գումար էինք վճարում: Գնալով գումարը բարձրանում էր, իսկ առևտուրը նվազում: Մենք մի քանի անգամ դիմեցինք տոնավաճառի տնօրինությանը և անձամբ Աշոտ Աղաբաբյանին, սակայն ոչ մի կերպ հարցին լուծում չտվեցին»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանը իրենց համար ստեղծել է լավագույն պայմանները և այս ամենի համար իրենք երեք տարի չեն վճարելու:

 

 
Նույն կարծիքին է նաև ջինսերի վաճառքով զբաղվող Համլետ Կարապետյանը: Նրա կարծիքով ամոթ է, երբ տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր.«Մեզ այնտեղի պայմանները արդեն իսկ ձեռնտու չէին: Զարմանում եմ նման խոսակցությունների վրա, եթե այնտեղ ամեն ինչ լավ է և մենք հեռացել ենք Գագիկ Ծառուկյանի պատճառով, ապա ինչու չէին հեռանում երեք տարի առաջ և դուրս եկանք միայն հիմա: Ուղղակի ամոթ է՝ թող նման խոսակցություններ չտարածեն»,-ասաց մեր զրուցակիցը: Տոնավաճառի բոլոր վաճառականները գոհ էին ստեղծված պայմաններից և վստահեցնում էին, որ այստեղ իրենց բիզնեսն ավելի է առաջընթաց ապրում: Նրանք նաև գոհ էին շենքային պայմաններից և նշում էին, որ այս առևտրի կենտրոնը միակն է, որ ունի բուժկետ, որը սպասարկում է անվճար և մարդիկ թեթև խնդիրներ ունենալու դեպքում ստիպված չեն լինի լքել աշխատանքի վայրը:

Մանրամասնները politik.am-ի տեսանյութում

Դիտվել է 619 անգամ
 


Այս թեմայով