«Հրապարակ». ՍԴ դատավորներն ավելի են համախմբվե...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ մեր աղբյուրն ասաց` առավոտներն առայժմ խաղաղ են. «Իմ տպավորությամբ, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, մեզ համար դժվար է կռահել, քանզի այդ հարցում նրանց երեւակայությունը սահմաններ չունի` խիստ ստեղծագործ է, այնուհանդերձ, մերոնք հանգիստ նստած են տեղները, անվրդով հետեւում են իրենց շուրջ զարգացումներին»:

Արտաամուսնական «դոսյեների» մասով անհանգստություններ չունե՞ն։ «Ո՛չ… հայտնի անեկդոտն են միմյանց վրա պատմում, բոլոր դեպքերում հասկանալի է, կա մի նպատակ` մեկուսացնել Հրայր Թովմասյանին, որ մյուս դատավորների վրա կարողանան ազդեցություն բանեցնել։ Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման քայլերից դատավորներն ավելի են համախմբվում։ Բոլոր դեպքերում` վաղ կենսաթոշակի գնալու օրենքի կիրառման ժամկետը դեռ չի ավարտվել, իրենք հույս ունեն, որ դատավորներից գոնե մի քանիսը «թոշակի կգնան», եւ իրենք կկարողանան քվորում ապահովել։ Բայց այս պահին գոնե նման տրամադրություններ ՍԴ-ում չկան, որովհետեւ հասկանում են, որ դա շատ առումներով ռիսկային է»:

Եթե իշխանությունների պլանն իրագործվի, Հրայր Թովմասյանին կփոխարինի Վահե Գրիգորյա՞նը։ «Չէ, կարծես փոշմանել են, հիմա Վլադիմիր Վարդանյանի մասին է խոսք գնում, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել։ Եթե իշխանություններին հաջողվի փոխել դատարանի կազմը, ապա ամենահավանականը նոր նշանակվելիք դատավորներից նախագահ ընտրելու տարբերակն է»: Ի դեպ, երեկ ՍԴ-ն նիստ է արել, որին կրկին Վահե Գրիգորյանը չի մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում