«Հրապարակ»․ «Մուրադը կատաղել է». ՀՅԴ-ի հետին...

«Դաշնակցության Գերագույն մարմինը երեկ հայտարարություն էր տարածել, որը կարդալով հասկանալի էր դառնում՝ «Մուրադը կատաղել է»։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում շուրջբոլորը պտտվում էին 2018-ին՝ ամիսներ շարունակ և հեղափոխությունից հետո էլ ամենայն պատրաստակամությամբ իրենց ծառայություններն էին առաջարկում, կոչ են ուղղել՝ «սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրավերները», իսկ «ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին» էլ՝ «համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

Ինչի՞ց է վրդովվել ծերուկ ՀՅԴ-ն․ օրերս խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի արտահայտած մտքից․ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։

Ապա հավելել է․ «Հեռացող գնացքի, մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»։ Անշուշտ, Դաշնակցությանը «հասնում» են նման լեքսիկոնն ու ծաղրը, որովհետև իրեն հարգող ոչ մի կուսակցություն չպետք է կցվի մե՛կ ՀՀԿ-ի, մե՛կ Նիկոլ Փաշինյանի «կառքին»։ Բայց նաև ոչ ոք, առավել ևս՝ երկրի վարչապետը, իրավունք չունի որևէ քաղաքական ուժի մասին նման կերպ արտահայտվել։

Մանավանդ՝ եթե այդ քաղաքական ուժը 125-ամյա պատմություն ունի, տարբեր փորձություններով է անցել և 2018-ի բարդ ընտրություններում էլ 3,89 տոկոս ձայն է ստացել, ինչը բացարձակ թվով կազմում է 48 հազար 811 ձայն։ Չի կարող 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտ 50 հազար մարդու կարծիքը զրո գնահատվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: