ՀՔԾ-ն պարտավոր է «Իմ քայլը» խմբակցության պատգ...

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած ելույթներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններն և դրան հաջորդած «քաղաքական ելույթները», ինձ մոտ՝ որպես իրավաբանի, առաջացնում են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ մեր հասարակության եթե ոչ բոլոր, ապա, համենայն դեպս, գերակշիռ մասը։

Այսպես.

1. բոլորիս աչքի առաջ Սասուն Միքաելյանը, ապա նաև «Իմ քայլը» խմբակցության առնվազն երկու այլ պատգամավորներ, ԱԺ նիստերի դահլիճում ծեծի ենթարկեցին ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ վարչապետ Փաշինյանի լուռ համաձայնությամբ: Վերոնշյալ անձանց արարքն իր մեջ առերևույթ առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություններ կատարելը) նախատեսված հանցակազմի տարրեր, չնայած որ կարող է քննարկվել նաև խուլիգանության հանցակազմը։

Հաջորդիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով հիշատակված միջադեպին, հավելեց, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորումները, ապա՝ հպանցիկ նախատելով իր ընկեր եվ եղբայր Սասուն Միքաելյանին բացառապես սադրանքներին տրվելու համար, ստանձնեց վերջինիս պաշտպանի դերը, եվ ԻՐԱՎԱԿԱՆ պետության գլխավոր ամբիոնից փորձեց արդարացնել առերեվույթ հանցավոր արարքը:

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը, ես զերծ կմնամ քննարկվող միջադեպը հանցագործություն որակելուց, բայց և այնպես, ինձ համար ամենևին անհասկանալի մնաց վարչապետի կողմից մեջբերած կաշառքի պրովոկացիայի դրվագը։

Ակնհայտ է, որ վերջինս դրանով փորձում էր անալոգիա կիրառել եվ տեղի ունեցածը հասարակությանը մատուցել որպես պրովոկացիայի կամ սադրանքի արդյունք, դրանով իսկ արդարացնելով բռնություն գործադրած անձանց արարքը։

Ստիպված եմ արձանագրել, որ վարչապետը չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը և չգիտի, որ ի տարբերություն կաշառքի պրովոկացիայի, ՀՀ որևէ իրավական ակտում չկա ծեծի կամ այլ բռնի գործողությունների պրովոկացիայի մասին հիշատակում, եվ միևնույն ժամանակ ՀՀ օրենսդրությամբ նմանատիպ դեպքերում օրենքի անալոգիայի կիրառումն անթույլատրելի է։

Մեկ դիտարկում ևս.

ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես քստմնելի սադրանք, իր ասածը հիմնավորելով «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորների հասցեին սոցցանցերում բռնաբարության սպառնալիքներ հնչեցնելու հանգամանքով։

Նման «հիմնավորումները» պատահական չէին, քանի որ Մարուքյանի գործողություններում առհասարակ բացակայում էր սադրանքի որևէ դրսևորում։

Վերջինս, Սասուն Միքաելյանի կողմից «дешёвка, հոպար» պիտակավորման եվ «կտամ կցխեմ» սպառնալիքից հետո, պարզապես փորձում էր մոտենալ Ս.Միքաելյանին, հավանաբար պարզաբանումներ ստանալու կամ պատիվ պահանջելու նպատակով, բայց...չհասցրեց։

Ուստի, հետևություններ անելով վարչապետի վերը հիշատակված փաստարկներից, կրկին հարց է ծագում Ն.Փաշինյանին. արդյո՞ք կարելի է արդարացի եվ հիմնավորված համարել սոցցանցերում անհայտ օգտատերերի կողմից իմքայլական պատգամավորների հասցեին անպարկեշտ մեկնաբանություններ անելու համար ընդդիմադիր խմբակցության ղեկավարին ծեծելու հանգամանքը։ Եթե ոչ, ապա ի՞նչ պատճառով հիշատակեցիք այդ մասին, իսկ եթե այո՝ ապա ինչու՞ հենց Էդմոն Մարուքյանին։

Ասեմ ավելին, ծեծկռտուքից հետո Սասուն Միքաելյանը, շարունակելով հակաօրինական վարքագծի դրսևորումը, Մարուքյանի հասցեին հնչեցրեց «վիզդ կկտրեմ» սպառնալիքը, որն իր հերթին պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրեր (սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք հասցնելը):

Ելնելով վերոգրյալից և հիմնվելով բացառապես ՀՀ գործող օրենքների վրա կարելի է աներկբա փաստել հետևյալը.

1. Իրավական պետությունում բոլորը հավասար են օրենքի առջև և չպետք է լինեն արտոնյալ կարգավիճակ ունեցող անձինք, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, արժանիքներից, կամ որևէ այլ հանգամանքներից։

2. Նույնիսկ սադրանքի առկայության պայմաններում, (ինչը թեև տվյալ դեպքում ի սպառ բացակայում էր) օրենքի տեսանկյունից, անթույլատրելի է ֆիզիկական ուժի և բռնության գործադումը, իսկ նմանատիպ գործողությունների առկայության պայմաններում պատկան մարմինների կողմից արարքին պետք է տրվի քրեաիրավական գնահատական և ոչ թե հնարավոր է բավարարվել թեկուզ և երկրի առաջին դեմքի կողմից մեղավորին խրախուսական խրատելով։

Հակառակ դեպքում հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ, որպիսի պայմաններում հետագայում նմանատիպ հանցավոր արարքների համար մեղադրվող ՀՀ «հպարտ» քաղաքացիները, հղում կատարելով օրենքի միատեսակ կիրառման սկզբունքի վրա, արդարացիորեն իրավունք կունենան պահանջել քրեական պատասխանատվության փոխարեն իրենց նկատմամբ ևս կիրառել հանրային պարսավանքի ենթարկելու, կամ նույնիսկ՝ ամոթանք տալու մեթոդը։

Հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների արարքի հանրային նվազ վտանգավորությունը, քրեական գործ կարող է հարուցվել տուժողի՝ տվյալ պարագայում ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մարուքյանի մասնավոր գանգատի հիման վրա: Կլինի՞ այդպիսի գանգատ, չգիտեմ, վստահ չեմ . . .

Այսպիսով հարկ է արձանագրել, որ Մարուքյանի մասնավոր գանգատի առկայության դեպքում ՀՀ ՀՔԾ պարտավոր է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ հարուցել քրեական հետապնդում:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովին կմիջնորդի զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից և մեր քաղաքացիները կհամոզվեն, որ Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է, «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր կուսակցություն է, իսկ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև»: