ՀՔԾ-ն խնդրում է «Հայրենի ոստիկանները մահակով...

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ խնդրելով «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ սկանդալային տեսանյութում բռնության ենթարկված անձին և նրան ճանաչողներին դիմել ՀՔԾ:

«2019թ. նոյեմբերի 21-ին NewsMedia.am լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով: Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը: Նախաքննությունը շարունակվում է», - նշված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ։