ՀԷՑ-ը գումար է նվիրել վարչապետի կառուցած եկեղեցու համար

10427359_104161253255654_5231663851782776691_nԲիբինի արած բարեգործությունների մասին Ռոբերտ Նազարյանը տեղյակ է միայն մամուլից, քանի որ, նրա խոսքով, դա ՀԷՑ-ի ու նրա բաժնետերերի իրավունքն է: Մինչդեռ, ըստ հարցը հնչեցրած պատգամավոր Արամ Մանուկյանի, ՀԷՑ-ը բարեգործություն է արել մանկապարտեզներին, մանկատներին, վարչապետի կառուցած եկեղեցուն:
Անդրադառնալով ՀԷՑ-ի բավական բարձր տոկոսադրույքով վերցրած 200 մլն-ի վարկին, որի պատճառով այսօր ընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել, Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ վարկի երաշխավորը Կառավարությունն է:
«Էն ժամանակ ինչո՞ւ կառավարությունը չասեց, թե ինչո՞ւ եք այսքան բարձր տոկոսադրույքով վարկ վերցնում, հատկապես, որ դա ներդրումների նպատակով չէր»,- հարցրեց պատգամավորը: Հարցին Ռոբերտ Նազարյանը չպատասխանեց՝ հայտնելով, որ այն իր գործառույթներից դուրս է:
«ՀԷՑ-ը շահագրգռված չէ տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները նվազեցնել, քանի որ դրա համար մեծ ներդրումներ պետք է կատարի»,- պատասխանելով կորուստների մեծ ծավալի մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ հայտարարեց ՀԾԿՀ-ի նախագահը՝ հավելելով, որ հարկ է հաշվարկել, թե ինչ բեռ կբերի այդ ներդրումը և որն է առավել ձեռնտու՝ կատարել ներդրում ու ավելացնել պա”րտքը, թե” շարունակել աշխատել հնացած տեխնոլոգիաներով ու ունենալ տեխնոլոգիական կորուստներ:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ՀԷՑ-ը մենաշնորհային ընկերություն է, որի վիճակն այսօր ներկայացվում է որպես չափազանց անմխիթար: «Ի՞նչ ենք անելու մենք, եթե մի օր արթնանանք ու տեսնենք ՀԷՑ-ը գմփացել է՝ ֆինանսական իմաստով»,- ՀԾԿՀ նախագահին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Չի գմփա, խոստանում եմ ձեզ»,- պատասխանեց Ռոբերտ Նազարյանը:
 


Այս թեմայով