Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվե...

Վերջին մի քանի օրերին տեղեկատվական դաշտը հագեցած է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մասին հրապարակումներով: Սոցիալական ցանցերում էլ մանր, միջին ու խոշոր չինովնիկները հրապարակումներ են անում համաժողովի մասին: Այս համաժողովը իշխանությունները հնարավորինս ծառայեցնում են իրենց գովազդելուն, այն ներկայացնելով, որպես իրենց իշխանության կարևորագույն ձեռբերումներից մեկը: Ավելին, համաշխարհային նշանակության դեմքերի ներկայությունն էլ ներկայացվում է, որպես կազմակերպական փայլուն աշխատանքի արդյունք:

Հետաքրքիր է, որ իշխանություններն այս անգամ էլ մոռացել են գոնե հպանցիկ հիշեցնել, որ այս համաժողովը ևս նախկին իշխանությունների ձեռքբերումներից է, ինչպես Ֆրանկոֆոնիայի համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին  Հայաստանում կազմակերպելու աշխատանքների հիմքը դրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ 2016 թվականին(մանրամասնները այստեղ): Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ջանք չէր խնայել, որպեսզի միջազգային մասշտաբներով այս լայնածավալ միջոցառումն իրականացվի հենց Հայաստանում: Միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարիներին շարունակել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նոր իշխանություններին այն հասել է պատրաստ վիճակում և անհրաժեշտություն ուներ մի քանի տեխնիկական հարցերի լուծման:

Այնպես որ սա կարելի է համարել նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ բարեվարքության տեսանկյունից լավ կլիներ, որպեսզի Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտներ նման կարևորության միջցառումը Հայաստան բերողներին՝ ի դեմս նախկին իշխանությունների: