Հ ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում բավական հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնք էականորեն բացում են Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ներկա փուլի վիճակը, ինչն իր հետ արդեն պայմանավորվում է շատ բան թե ներքաղաքական կյանքում եւ եթե արտաքին ճակատում։
Մասնավորապես, խոսելով իր՝ պաշտոնի լինելու առաջին շրջանի մասին, Իգիթյանը նշել է, որ այն ժամանակ երբ ԵԱՀԿ-ն արդեն հասկացել էր, որ բանակցային սեղանին պետք է նստի երեք կողմ՝ ի դեմս Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի, Բաքուն մշտապես իր պատվիրակության հետ բերում էր նաեւ այսպես ասած՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների եւ իրենք պայքարել են դրա դեմ։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին ասպարեզ է բերում ԼՂ՝ որպես ինքնուրույն կողմի՝ բանակցություններին մասնակցելու հարցը, բնականորեն առաջ է գալիս նաեւ այն հարցը, որ Բաքուն էլ պետք է ձգտի իր հերթին ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին մեջտեղ բերել ու նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Ու ինչն է ամենից ուշագրավը, որ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն համարել է դա հնարավոր։ Իհարկե Իգիթյանը փորձում է այս համաձայնությունը մեղմել ասելով, որ ամեն դեպքում այդ մարդիկ, որոնք որպես ԼՂ ադրբեջանական համայնք են ներկայանալու, ընտրել են Իլհամ Ալիեւին որպես իրենց շահերը ներկայացնողի եւ այլն, սակայն հասկանալի է, որ այն հանգամանքը, որ Փաշինյանը, ըստ Հովհաննես Իգիթյանի որեւէ խնդիր չի տեսնում այս փոփոխության հետ, որը Իգիթյանը որակում է զարգացում, արդեն հստակ է դարձնում, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասած հնգակողմ հայտարարության հինգերորդ կողմն արդեն ԼՂ ադրբեջանական համայնքն է դառնալու, ինչը ինչ որ արհեստականորեն ստեղծված կազմակերպությանը հավասար նժարի վրա է դնում Արցախի պետական իշխանության հետ ու դարձնում բանակցային կողմ։
Այն, որ Ղարաբաղը վերադառնալու էր բանակցային սեղան, նախատեսված էր Մադրիդյան սկզբունքներով եւ սա նոր բան չէ։ Սակայն հարց է, թե արդյոք այդ բանակցային սեղանին պետք է նստեին նաեւ Ադրբեջանում գտնվող այսպես ասած ԼՂ արդբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Սա արդեն ահռելի մեծ զիջում է, որին գնացել է Երեւանը, ըստ էության լեգիտիմացնելով Բաքվի քարոզչամեքենայի շահերը սպասարկող այսպես ասած ԼՂ ադրբեջանցիների համայնք կազմակերպությանը, որպես ապագա բանակցային կողմ, որը արդեն հունվարյան հանդիպմանը կարող է ներկայանալ։