Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավո...

ՊԵկ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ.

«Անհրաժեշտ է համարում հայտնել,  որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն:

Թերթի «տեղեկություններով»՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: Հետևաբար, թերթի կողմից Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ բարեկամական կապերով պայմանավորելը` պարզապես անհեթեթ է:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն  ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից:

Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից, զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ, որի պարտադիր բաղադրիչներից է ճշգրիտ տեղեկատվության մատուցումը», - նշված է հաղորդագրության մեջ: