Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստան...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ հոգեկան խնդիրներ ունեցող քանի՞ քաղաքացի կա Հայաստանում:

Կարևորելով «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը՝ պատգամավորն ասաց.

«Այո´, այս օրինագիծը խիստ կարևոր է, որովհետև ուղղված է խոցելի խմբի շահերն ու իրավունքները պաշտպանելուն: Առողջապահության նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է հոգեկան առողջության հետ կապված և´ իրավական հիմքերի ամրապնդումը, և´ հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացումը, և´ հնարավորինս հասանելի դարձնելն այս ծառայությունները դրա կարիքն ունեցող անձանց»:

Անահիտ Ավանեսյանը իր հերթին նկատեց, որ կդժվարանա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիների վերաբերյալ թիվ ներկայացնել:

«Բայց ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դիմելիության աճ», - ասաց նա՝ ավելացնելով, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստանում աճել է: