«Հնգյակի հայտարարությունը» ըստ էության «դարձ...

Եվ այսպես, նախօրեին տարածվեց երկար սպասված «Հնգյակի հայտարարությունը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որպես ամփոփում Բրատիսլավայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման։ Ինչպես եւ կարելի էր սպասել մինչ այդ, հանդիպումից հետո Բաքվի տարածած հայտարարությունից, լուրջ տեղաշարժերի մասին խոսք լինել չէր էլ կարող կարգավորման գործընթացի՝ գոնե ներկա հանգրվանում։ 

Թերեւս առաջին նորությունն այն էր, որ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչից հասկանալի է, որ միջազգային սահման ասելով նկատի է առնվել Հայաստան-Ադրբեջան սահմանը, որտեղ եւս ժամանակ առ ժամանակ լարվածության բռնկումներ լինում են։ Ասել է, թե համանախագահները նաեւ այդ ուղղությունն են փորձում պահել աչքի առաջ։

Սույն հայտարարությունը հիմք ընդունելով, կարելի է ենթադրել, որ առաջիկայում երկու կողմերի մոտ ազատազրկման պայմաններում պահվող հակառակ կողմի քաղաքացիների փոխանակություն կարող է լինել, քանի որ հայտարարության մեջ հստակ կերպով այդ մասին խոսվում է, վկայակոչելով 2014-ին Փարիզում կայացած գագաթնաժողովը։

Մյուս ամենից կարեւոր դրվագն այն է, որ համանախագահները այսպես ասենք՝ կատարում են «դարձ ի շրջանս յուր»՝ գնահատելով ԵԱՀԿ գործող նախագահի նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում եւ ընդգծելով, որ նրա մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունները հարկ է վերսկսել։ Խոսքը այն բանակցությունների մասին է, որոնք տեղի են ունեցել 2016-ին եւ ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ։

Հասկանալի է, որ ակնարկվում է Վիեննան, Սանկտ Պետերբուրգը։ Այսինքն թե՝ Երեւանը վերադառնում է այն մեկնակետին, որտեղ Սերժ Սարգսյանը հեռացավ, որպես ժառանգություն թողնելով Նիկոլ Փաշինյանին բանակցային փաթեթը։ Մնացածն արդեն ընդհանուր դիվանագիտական ձեւակերպումներ են, որոնք արտացոլվում են հայտարարությունից հայտարարություն։