Հիպոթերապիան մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունե...

Մոտ մեկուկես տարվա պատմություն ունեցող «Փայտե ձի» նախաձեռնությունը մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար շաբաթ-կիրակի օրերին կամավորների շնորհիվ ձիաբուժության պարապմունքեր է անցկացնում: Ընդհանրապես հիպոթերապիայի մեկ պարապմունքի արժեքը միջինում 6000 դրամ է, սակայն այս նախաձեռնությամբ հիպոթերապիան անվճար է անցկացվում:

«Նախաձեռնությունը որոշել ենք սկսել Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի հետ: Մեզ դեմել են 3000-4000 երեխաներ, տարեկան սպասարկում ենք մոտ 6000 այց: Ամեն շաբաթ-կիրակի մոտավորպես 100 երեխա ենք ընդունում: 

Հիմնականում տեղերը սահմանափակ են: Եթե երեխան չի կարողանում մի շաբաթ հիպոթերապիայից օգտվել, փորձում ենք հաջորդ շաբաթ առաջինը իրեն ընդունել, որպեսզի գոնե երկու շաբաթը մեկ բոլորը կարողանան գալ: Պարապմունքներն անցկացվում են Խարբերդի մասնագիտացված մակատան տարածքում:

Սովորաբար մեր թերապիան զուգորդվում է ֆիզոթերապիայի հետ, այսինքն` երեխայի ապաքինման համար էֆեկտը ստացվում է այս երկուսի համադրումից»,- այս մասին Politik.am-ին ասաց «Փայտե ձի» նախաձեռնության համահիմնադիր Նորիկ Բեգլարյանը:

Բեգլարյանի փոխանցմամբ` ամեն երեխայի մոտ ձիաբուժության արդյունավետությունն անհատական է: Հիպոթերոպիայի ձիերը հատուկ են, որոնց հետ տարվող աշխատանքի շնորհիվ նրանց քայլածքը նմանվում է մարդու քայլվածքին.

«Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մոտ կան մկաններ, որոնք իր քայլի լիարժեք չլինելու պատճառով չեն աշխատում: Եվ քանի որ ձիու ջերմաստիճանը 2 աստիճանով բարձր է մարդու ջերմաստիճանից, երբ երեխան նստում է ձիու վրա այդ ձերմաստիճանի և քայլքի շնորհիվ երեխան ջերմային մերսում է ստանում: Նրա մոտ սկսում են աշխատել այն բոլոր մկանները, որոնք քայլելիս աշխատում են խնդիր չունեցող մարդու մոտ: 

Դաունի համախտանիշով, աուտիզմով, ողնաշարային տարբեր խնդիրներ ունեցող երեխաների  դեպքում հիմնականում անհարաժեշտ է ձիու հետ շփումը, վախերի հաղթահարումը: Մոտ 10 րոպե նրանք պտտվում են ձիու վրա նստած, իսկ որպես այդպիսին`  պարապմունքի մի մասը ներառում է ձիու խնամքը, կերակրելը, ինչը երեխային օգնում է շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար լինել»,- ասում է համահիմնադիրը:

Հիպոթեարպիայի արդյունավետության մասին խոսելիս Բեգլարյանը ուրախությամբ նշեց, որ կան բազում օրինակներ, երբ այն դրականորեն է ազդել երեխաների վրա: Մանկական ուղեղային կաթվածով երեխաներ կան, ովքեր առանց որևէ մեկի օգնության արդեն կարողանում են մի քանի քայլ կատարել, հիպերակտիվ աուտիզմով երեխաների մոտ էլ հանգստություն է նկատվում:

Երեխաները, ովքեր չէին ցանկանում դարպասից ներս մտնել, հիմա էլ ձիու վրայից չեն ուզում իջնել` ավելացրեց նա: 

61972585_2507228112643742_5245643472152559616_n

Լուսանկարները «Փայտե ձի» հիպոթերապիա ֆեյսբուքյան էջից

Աննա Հովհաննիսյան