ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ս. թ. մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարեց, ծանոթացավ թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:

Շրջայցից հետո նախարարն առաջարկեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվեցին հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար առաջացնում են դժվարություններ և խնդիրներ:

Ամփոփելով զրույցի արդյունքները՝ նախարարը նշեց. «Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել և ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևակերպենք առկա խնդիրները և հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը:

Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարևոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարևորության առաջնահերթությունը»:

Այս թեմայով