ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է երեկ սահմանին տեղի ունե...

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է:

«Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում:

Դրանք անտեսում են նաև հունիսի 20-ին արտաքին գործերի նախարարների՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:

Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ»: