Հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չ...

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չէ, այլ պահպանողական է։ Այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում քննարկվող 2020թ. Պետական բյուջեի քննարկման ժամանակ։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորին չի գոհացնում նաև ներդրումների քանակը։

«Այս պահին 17, 5-ից 18 տոկոս է գնահատվում կապիտալ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը։ Ցուցանիշը, որը դրված է բացատրագրում, ընդամենը 0.6 տոկոսով աճ է ենթադրում՝ 23,3-ից 23,9-ը։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան ցածր, չե՞նք սպասում, որ ներդրումներ են գալու»,- հետաքրքրվեց պարոն Մելքումյանը և հավելեց, որ երբ նայում է պաշտոնական թվերին, հասկանում է, որ ներդրումների ծավալները շատ-շատ հեռու են ցանկալի թվերից։

Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամվորի՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Երբ ասում եք, որ սա հեղափոխական չէ, պետք է հասկանալ, թե որը կլիներ Ձեր պատկերացմամբ հեղափոխական և ինչո՞ւ է պահպանողական։ Արդյոք հեղափոխանական ասելով՝ պատկերացնում ենք, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսանկյունից և հետևաբար նաև հարցականի տակ դնի այն հիմնարար նպատակները, որոնք դրված են այս փոփոխությունների առա՞ջ, թե՞ ոչ։