Հեռու մնացեք Արթուր Մկրտչյանի հիշատակը շահարկ...

Ռազմական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ orer.am լրատվական կայքում կարդացի ինձ երբեւէ հանդիպած ամենաինտրիգային հոդվածը՝ ոմն Անդրանիկ Հարությունյանի հեղինակությամբ: 
Չգիտեմ հոդվածի հեղինակը ֆիզիկապես գոյություն ունի թե չէ, ոտք, գլուխ, միս , արյուն կա՞, թե չկա՞: Սակայն հոդվածի պատվիրված լինելը գոնե ինձ համար պարզ է: Պարզ է, որ պատվիրատուն նպատակ ունի Սամվել Բաբայանի դեմ պայքար ծավալելու, չխնայելով ոչինչ եւ ոչ մի սրբություն:

Արթուր Մկրտչյանի հիշատակն օգտագործելն այդ պայքարում միայն խոսում է պայքարողի ֆեյք եւ ոչնչություն լինելու մասին: Իսկ գործիքները (հոդվածի հեղինակները) շուտվանից օգտագործված են եւ կրկնակի օգտագործելը միայն խելքի խիստ աղքատության արդյունք է:

Իսկ հիմա Սամվել Բաբայանի հայտարարածների եւ չհայտարարածների մասին: Իրականում Սամվել Բաբայանը շատ բան գիտի, շատ բաներ էլ չգիտի: Կարծում եմ, ինֆորմացիայի տիրապետման առավելությունների մրցակցությունը որպես սրտեր շահելու միջոց, լավ տեղ չի տանելու:

Արթուր Մկրտչյանի ինքնասպանության մասին ես խոսել եմ դեռեւս 1992 թ. (առկա է ձայնագրություն): Իմ ֆեյսբուքյան էջում առիթ եմ ունեցել ասելու, որ մի օր կխոսեմ ճշմարտության մասին:

Ուզում եմ խնդրել պատվիրատուներին եւ զգուշացնել օգտագործվողներին, որ հեռու մնան Արթուր Մկրտչյանի հիշատակը շահարկելուց: Արթուրը եղել եւ մնալու է հայ իրականության մեջ ամենաբարոյական եւ ամենաբյուրեղյա ղեկավարը: Անգամ չփորձեք նմանվել նրան, չի ստացվելու»: