Հերթական զիջումը Ռուսաստանին․ Փաշինյանը հանձն...

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ միանգամից պարզ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ այնուհանդերձ լինելու են, անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարում էր հակառակի մասին։ Դրան հաջորդեցին արդեն որոշակի իրադարձություններ, որոնք նախ եւ առաջ հարվածեցին հայ-ռուսական հարաբերություններին։

Պաշտոնական Երեւանն այդ ամենը փորձեց ներկայացնել որպես հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն, հորդորելով, օրինակ ռուսներին ադապտացվել այն հանգամանքին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել ու նոր իրողություններ են ի հայտ եկել։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ընդամենը մեկ ու կես տարին բավական էր, որպեսզի «հեղափոխական» իշխանությունները «ադապտացնողից» վերածվեին «ադապտացման» ու շատ արագ յուրացնեին «ադապտացնողից ադապտացվողի նուրբ արվեստը»։ Առաջիկայում սպասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան։

Արդեն հայտնի է, կարելի է ասել, պաշտոնապես, որ Հայաստանը բացում է ամերիկյան ռազմական գերատեսչություններով ստեղծված կենսաբանական լաբորատորիաները Ռուսաստանի առաջ։ Սերգեյ Լավրովը, այն նույն Լավրովը, որը այնպիսկ կոշտ հայտարարություններ արեց Երեւանի հասցեին, որ մի քանի շաբաթ Երեւանում պարզապես ուշքի չէին գալիս, ժամանելու է Երեւան, ստորագրելու հուշագիրն այդ մասին։

Այսօր արդեն Հայաստան է ժամանել ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն։ Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան սովետական բառապաշարով ասած՝ Հայաստանում «խամ ու խոպան տարածքներն է սկսել յուրացնել», կամ ավելի արդիական՝ «հեղափոխական» տերմինաբանությամբ արտահայտված՝ «Նոր Հայաստանի» իշխանությունների ադապտացիան է փորձում հասցնել իր գագաթնակետին։

Հասկանալի է, աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում, երբ ամեն րոպե կարող է օրակարգ բերվել գործող վարչակազմի հետագա գործունեության հարցն առհասարակ, երեկվա ռուսատյացները լավ են հասկանում, որ այլընտրանք չունեն, ու արդյունքում անում են այն, ինչի համար ժամանակին այնքան խրոխտ ու անողորմ կերպով քննադատել էին Սերժ Սարգսյանին։ Սա բնական, գոյապահպանման բնազդն է, զուգորդված այսօրվա իշխանության դավանած թ թիվ մեկ սկզբունքի հետ, որն է սկզբունքայնության կատարյալ բացակայությունը։