Հերթական վտանգավոր հիմարությունը՝ Իլհամ Ալիևի...

Ինչպես հայտնի է, այս օրերին Ադրբեջանում ընթանում է Թյուրքական խորհրդի գագաթնաժողովը։ Այս առնչությամբ Բաքու է ժամանել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչպես եւ կարելի էր կռահել, Ադրբեջանի նախագահը այդ գագաթնաժողովի ժամանակ չէր կարող չխոսել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Եվ ահա, իր ելույթում Իլհամ Ալիեւը նախ հիշել է, որ Թյուրքական խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը կայացել է Նախիջեւանում, ապա եւ ասել, որ «մայր-Ադրբեջանից կտրված է, նրանց միջեւ է Զանգեզուրը, որը տրվել է Հայաստանին, եւ թուրքական միասնությունը դրանով տրոհվել է»:

Թե ինչու է որոշել Իլհամ Ալիեւը կրկին տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, թեկուզ հեռահար, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ որքան էլ նա լինի «կիրթ», միեւնույնն է ճիշտ է այն մոտեցումը, որ կա «գենետիկ անհամատեղելիություն» եւ անհնար է պատկերացնել Հայաստանի եւ Ադրբեջան բարիդրացիությունը այսօրվա պայմաններում։

Բացի այդ, շատ խորհրդանշական է, որ նման հայտարարություն է հնչում այն պահին, երբ Երեւանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների եւ ապա նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Սակայն քաղաքական-դիվանագիտական սիմվոլիկան եւ տողարանքային ակնարկները մի կողմ թողնելով արձանագրենք, որ ըստ էության, Ալիեւը լուրջ ուղերձ է փորձում տեղ հասցնել, ասելով, թյուրքական միասնությունը խաթարողը Հայաստանն է։

Հասկանալի է, որ սա առաջին հերթին ուղերձ է ուղղված Անկարային՝ «Ադրբեջանի մեծ եղբորը»։ Արյան հոտը քիթն ընկած երեկվա հելուզակի համար կարծես թե ոգեւորություն է առաջացրել «Խաղաղության ակունքը» եւ գուցե եւ երազում է «Թյուրքախոսների միավորման մահիկի օպերացիայի» մասին, թեեւ դժվար թե լինի այնքան հիմար, որ Հայաստանում ռուսական բազայի առկայության պայմաններում նման հեռահար նպատակներ ունենա։

Իհարկե, կարող է եւ ինչ որ օգնության խնդրանք էլ պարունակել, որը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «թյուրքական համերաշխություն Բաքվին՝ Արցախյան կարգավորման հետ կապված», քանի որ միայն մակերեսային պատմություն իմացողն էլ գիտի, որ ոչ Արցախի, ոչ Զանգեզուրի եւ ոչ էլ Նախիջեւանի հարցում իրեն մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ հռչակած Ադրբեջանի երրորդ հանրապետությունը չի կարող պատմական կամ իրավական հավակնություններ ունենալ։