Արարատ Միրզոյանի և նրա կնոջ կարողությունը չի...

Օրերս Politik.am-ը վերահրապարակել էր Antifake.am լրատվականի հոդվածը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ կարողության մասին։ Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ 2017թ. և 2018թ. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ նրանց դրամական միջոցները և եկամուտները 2018թ. ընթացքում զգալիորեն ավելացել են:

Եվ այսպես, համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի՝ Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 66,075.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 297,865.00 ՀՀ դրամ:

Գոհար Աբաջյանի՝ 2017թ. և 2018թ. հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ նրա դրամական միջոցները ավելացել են մոտավորապես 300%-ով կամ 4 անգամ:

Իսկ Գոհար Աբաջյանի հայտարարագրած եկամուտներն ունեն հետևյալ պատկերը՝ 2017թ.՝ 5,150,000.00 ՀՀ դրամ, 2018թ.՝ 55,238,215.21 ՀՀ դրամ:

Politik.am-ը, վերաստուգելով առկա փաստերը, պարզեց, որ Արարատ Միզոյանի և նրա կնոջ կարողությանը առնչվող հոդվածում կան անճշտություններ։ Նախ պետք է նկատենք, որ ամուսինները իրենց ընդհանուր դրամական միջոցները գրել են երկու հայտարարագրերում էլ։ 

Որպես Արարատ Միրզոյանի կարողություն ներկայացված 63 մլն դրամը ձևավորվել է այսպես՝ 13 600 000 գոյացել է բնակարանի վաճառքից, 14 730 000 գոյացել է աշխատավարձից, իսկ ահա 34 մլն դրամը ԱԺ խոսնակի վերցրած վարկն է, որը նա ծախսել է բնակարան գնելու վրա, իսկ բնակարան նա գնել է 49 700 000 հազար դրամով։

ԱԺ խոսնակի կնոջ կարողությունը ևս շփոթմունքի արդյունք է, քանի որ Գոհար Աբաջյանը ևս որպես իր կարողություն ներկայացրել է բնակարանի վաճառքից գոյացած 13 600 000 դրամը և բնակարան գնելու համար վերցված 34 մլն դրամ վարկը։ Այսինքն՝ մեկ թիվը ներկայացված է երկու հայտարարագրերում էլ։

Եվ եթե հանենք ստացված վարկը, ապա ամուսինների ընդհանուր կարողությունը կստացվի 35 մլն դրամ, որից 13 մլն դրամը բնակարանի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 22 մլն դրամը՝ նրանց ստացած աշխատավարձը։