Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»
Politik.am-ի տեղեկությունների համաձայն հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։
Ի դեպ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը իր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական: Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»։
ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Կարո Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Սիրելի հայրենակիցներ։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի Վերահսկող հանձնաժողովում»: