Հայտնի օֆշորի գործի շրջանակներում Միհրան Պողո...

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հայտնի օֆշորի գործի շրջանակներում Ազգային ժողովի նախկին պատագամավոր Միհրան Պողոսյանին որպես վկա հրավիրել է հարցաքննության, սակայն Պողոսյանը չի ներկայացել քննչական մարմին՝ Հայաստանից դուրս գտնվելու պատճառաբանությամբ, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա փոխանցմամբ, փոխարենը Միհրան Պողոսյանը առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, սակայն ՀՔԾ-ն այդ առաջարկությունը մերժել է: 

«Միհրան Պողոսյանի առաջարկությունը մերժվել է, քանի որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության նման ընթացակարգ նախատեսված չէ», -ասել է Մարինա Օհանջանյանը:

Այդուհանդերձ, Միհրան Պողոսյանը ևս մեկ անգամ է հրավիրվել հարցաքննության:

Դեռևս նախորդ տարվա մայիսին Ազգային ժողովում լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե հնարավո՞ր է նոր բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց, նա արձագանքել էր. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտությունը»:

Նշենք, որ օֆշորի հայտնի գործը վերաբացելու մասին էր հայտարարել դրա շուրջ հետաքննություն իրականացրած «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որն իր հոդվածում գրել էր. «Այժմ ունենք արդարադատության նոր նախարար։ Եվ նոր նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դիմել Շվեյցարիայի համապատասխան մարմիններին և տեղեկություններ ստանալ Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Միխաիլ եւ Գրիշա Հարությունյանների, Միխաիլ Հարությունյանի որդու՝ պատգամավոր Վահան Հարությունյանի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների և փողերի մասին։ Դրանք պետք է վերադարձնել պետության բյուջե։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ուրեմն, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարտավոր է օգտագործել շանսն ու վերաբացել Միհրան Պողոսյանի օֆշորների գործը»: