Հայկ Մարությանի շնորհավորանքը մանուկներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի համաքաղաքացիներ,

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը:

Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար պատրաստելով լավագույն ապագա: Հնարավորինս լավ ու առողջ սնունդ, հնարավորինս լավ ու որակյալ կրթություն, հնարավորինս լավ ու անվտանգ շրջակա միջավայր: Կարծում եմ, այս ամենն իր մեջ լավագույնս ամփոփում է տոնի անվանումը՝ «Երեխաների պաշտպանություն»:

Ողջույններս եմ հղում մեր երեխաներին՝ Երևանի ապագա տերերին, նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին, հարազատներին ու ազգականներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ջերմագին հոգատարությամբ երջանիկ մանկություն են ապահովում երեխաների համար:

Հատուկ ուզում եմ ողջունել ու շնորհակալություն հայտնել նաև մանկապարտեզների ու դպրոցների, արվեստի ու սպորտային կրթարանների մեր աշխատակիցներին, որոնք իրենց եռանդն ու էներգիան չեն խնայում ՝ փոխանցելով երեխաներին իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ որակները, կրթելով երկրի արժանավոր քաղաքացիներին ու կերտելով մեր վաղվա օրը:

Շնորհավորու՛մ եմ»: