Հայաստանը առաջին անգամ կարող է չճանաչել Արցախ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգում է, որ իր ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքում թուլանում է, և հնարավոր է՝ ստեղծվի մի այնպիսի վիճակ, որ չկարողանա վերահսկել Արցախում 2020թ.-ին սպասվող նախագահական ընտրությունների ընթացքը։ Այս պահին, իհարկե, հստակ չէ, թե Փաշինյանն ում է աջակցելու, բայց կան հստակ թեկնածուներ, որոնց ընտրվելուն դեմ է Հայաստանի վարչապետը։ 

Անցանկալի զարգացումները կանխելու համար Փաշինյանը կանխարգելիչ քայլ է անում։ Կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացվեց ավելի քան 33 մլն դրամ գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Ըստ կառավարության որոշման՝ այս կազմակերպություններին գումար է տրամադրվում, որպեսզի Արցախում սպասվելիք ընտրություններին դիտարկում իրականացնեն։

Նշված կազմակերպությունները վարչապետ Փաշինյանի հավատարիմ դաշնակիցներն են քաղաքացիական հասարակաության դաշտից։ Նրանց ներդրումը էականորեն փոխելու է իրավիճակը Արցախի ընտրություններում։ Ընտրությունների ելքը, ըստ էության, կորոշի ոչ թե Արցախի ԿԸՀ-ն, այլ Հայաստանից գործուղված սորոսական այս կազմակերպությունները։

Եվ եթե Արցախի ընտրություններում հաղթի թեկնածու, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» է, ապա չի բացառվում, որ ներդրված այս կազմակերպությունները հայտարարեն զանգվածային լցոնումների, կեղծիքների մասին, և Հայաստանի կառավարությունն էլ, հիմք ընդունելով նրանց գնահատականը, չճանաչի Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները։ Իսկ Հայաստանի կողմից ընտրությունների արդյունքների չճանաչումը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Արցախի իշխանությունների և Արցախի համար։

Փաշինյանն, ըստ էության, Հայաստանի բյուջեի հաշվին իր համար ստեղծում է գործիք, որով կկարողանա ազդել Արցախի նախագահական ընտրությունների վրա։