Հայաստանում քաղաքական կլիմայի փոփոխություն է...

Հայաստանում առաջիկայում կարելի է սպասել քաղաքական բավական հետաքրքիր փոփոխությունների։ Ընդ որում, դա կապված կլինի ոչ այնքան ներքաղաքական մթնոլորտի, որքան արտաքին ազդակների հետ։ Առաջին հերթին, փոփոխությունները կպայմանավորվեն միջազգային իրադրության փոփոխությամբ։

«Բրեքսիտից» հետո Լոնդոնն ամենայն հավանականությամբ կփորձի ակտիվանալ այսպես ասած՝ արեւելքում։ Արդեն իսկ կարծես թե Մոսկվա-Լոնդոն հարաբերություններում ինչ որ փոփոխություններ կարող են լինել՝ որոշակի գործարքի տեսքով։ Անուղղակի մի շարք գործոններ այդ մասին վկայում են, սկսած Լոնդոնում ռուսական դեսպանի՝ ռուս-բրիտանական հարաբերությունների մասին գրառումից, ինչը գործարքի քննարկման հրավեր կարող է ընկալվել։ Այդ գործարքի կայացումը այսպես ասենք, բաց ճակատով չի լինի, եւ ամենայն հավանականությամբ որոշակի խողովակներով կբանակցվեն, եւ չի բացառվի, որ դրանցում իր փոքրիկ լուման ունենա նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ընդունված է եւ ռուսական էլիտայի եւ բրիտանական էլիտայի կողմից։

Եթե նման բան տեղի ունենա, ապա Արմեն Սարգսյանը կկարեւորվի կարեւոր աշխարհաքաղաքական եւ ուժային կենտրոնների կողմից, ինչը բնականաբար իր ազդեցությունը կունենա նաեւ ներքաղաքական մակարդակում։ Մասնավորապես, իշխանությունների համար ոչ այնքան հաճելի, սակայն նոր աշխարհակարգի ռեգիոնալ հատվածի ճարտարապետության մեջ, թեկուզեւ փոքրիկ լումայով ներգրավված, Արմեն Սարգսյանը կդառնա արեն ցանկալի ֆիգուր, քանի որ եւ ոչ մի էլիտայի կողմից չընդունված Փաշինյանի եւ նրա թիմի համար նա կարող է դառնալ կապող օղակ՝ իր եւ այդ էլիտաների միջեւ։ Սա անշուշտ հասկանում է նաեւ Արմեն Սարգսյանը եւ հանգիստ սպասում է իր «աստեղային ժամին»։

Քաղաքական վերադասավորումները անհրաժեշտ են նաեւ իշխանություններին ու հատկապես՝ Փաշինյանին։ Նա իհարկե Ժնեւյան բանակցությունների թեմատիկան ներքին լսարանում կարողացավ խլացնել, սակայն Ղարաբաղյան հարցի հետ կապված զարգացումները ուշ թե շուտ «չոքելու» են նրա դռանը եւ այստեղ արդեն նա խուսափել չի կարողանա պատասխանատվությունից, որովհետեւ ցանկացած փաստաթղթի տակ ստորագրելու է անձամբ, իսկ վավերացնելու է իր 88 հոգանոց ֆրակցիան։ Պատասխանատվությունից խուսափողի խառնվածք ունեցող Փաշինյանի համար այս դեպքում ձեռնտու կլինի պատասխանատվության կիսումը կամ եթե հնարավոր է, դրանից ամբողջապես զերծ մնալը; Ուստի չի բացառվում, որ ներքաղաքական սպասվող փոփոխությունների կամ վերադասավորությունների պրոցեսում ինքն էլ իր դերակատարությունն ունենա իր մասով կամ իրեն հատուկ ոճով ու գործողություններով։