Հայաստանում մոտեցում կա, թե ղարաբաղյան կոնֆլի...

Երեկ հայտնի դարձավ, որ ԶՈՒ-ն Արցախի սահմանից 100 կմ հեռավորության վրա տեղակայել է ավիացիոն հարվածային խումբ։ Տեղեկության համաձայն՝ 25-ից ավելի գրոհային ինքնաթիռներ տեղակայված են Կուրղամիրի շրջանում։

Լուրի հետ կապված՝ Politik.am-ը լսել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի մեկնաբանությունը: Փորձագետի կարծիքով՝ տեղեկատվության մեջ որևէ լուրջ բան չկա.«Ադրբեջանը նոր հնարավորություններ ձեռք չի բերել: Տեղակայումը առաջնագծին շատ մոտ չէ, որ խոցելի լինի, և այնքան էլ հեռու չէ, որ դժվար լինի հասնել: Գործնականում այն որակական բան չի փոխում: Նույն վիճակն է, ինչ եղել է վերջին մի քանի տարիներին: Նշված չէ, որ իրենց մոտ հայտնվել են նոր ինքնաթիռներ կամ նոր հնարավորություն, որով կարող են ճեղքել մեր հակաօդային պաշտպանությունը»:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած  հանդիպմանն ու երկու երկրների միջև հնարավոր հումանիտար համագործակցությանը՝ Հարությունովը նշեց.«Այստեղ արդեն քաղաքական խնդիր է, որը կապված է բանակցությունների ընդհանուր դինամիկայի և տրամաբանության հետ, որի մասին տեղեկատվությունը շատ քիչ է: Հայաստանում մոտեցում կա, թե ղարաբաղյան կոնֆլիկտը յուրաքանչյուր կողմից մեկական ստորագրությամբ կարող է լուծվել: Իրականում այդպես չէ: Բանակցությունները որոշակի փուլայնություն են ենթադրում, որոնց վերջում կարելի է մոտենալ ինչ-որ պայմանագրի: Մենք այժմ գտնվում ենք այդ փուլայնության ամենասկզբում, որը դիվանագիտության մեջ կոչվում է «վստահության միջոցառում», որը պետք է մեղմի լարվածությունը առաջնագծում»:

Ռազմական փորձագետը նշեց՝ իրականության մեջ տեխնիկապես հնարավորություն կա հումանիտար գործողություններ կատարելու, բայց թե ինչքանով դա ռեալ կլինի այժմ, պարզ չէ.«Խնդիրն այն է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը միանգամայն տարբերվող օրակարգերով են այդ բանակցություններին մասնակցում, ու ակնկալիքներն էլ, ըստ երևույթին, տարբեր են իրարից»: