Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, և այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարևոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը: Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաև ամենամյա մրցութային ծրագիր: Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաև որոշակի պարգևներ կստանան: Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ: Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում:

 

Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանային և կարևոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաև մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր և մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլև զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած և մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռևս մեկն է: Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, և կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ և, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը և արդար մրցակցության մեջ հաղթել»:

Վարչապետը կարևորել է փառատոնի անցկացումը և հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև բարելավման ուղղությամբ: