Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժ...

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ 
հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի  «Միասին դեպի
թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի
19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  ներկայացվեցին համաժողովի
անցկացման մանրամասները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն
Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է
ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների,
ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի
այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները
քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և
համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։

«Նոր ձևավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում
թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարևոր են նման
նախաձեռնությունների իրականացումը: Թվային տնտեսության զարգացման կարևոր
բաղադրիչներից  մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների
զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի և
տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու 
համատեքստում: Մենք շատ կարևորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական
քաղաքականությունը»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

«N2»  համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝  Ցանցային
օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման
5-րդ համաժողովը (ArmIGF),  Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը
(YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ
համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի»
աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրեց,
որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ,
որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի
մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության և
ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության,
տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության կարևորությունը:

Քրիստինե Գյոնջյանը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է
«RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ
հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով
հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին
ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու
հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները և
օգտատերերը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը
ներկայացրեց, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը
ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը,
կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Նա
նաև հավելեց, որ ICANN կազմակերպության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի
համատեղ ջանքերով կազմակերպվող Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը
տարածաշրջանային կարևոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների
մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն
աշխատանքի հիմքերը և բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը,
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների և
համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված»
ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն