Հայաստանն ու Սփյուռքը ունեն տարբեր օրակարգեր․...

Պետք է արժանին մատուցել Հայաստանի գործող իշխանություններին ու ֆիքսել, որ արտաքին եւ ոչ մի այց դեռեւս այսքան դիտարժան ու քննարկվող չէր եղել, որքան Նիկոլ Փաշինյանի իտալական այցը եւ հատկապես դրա միլանյան հանգրվանը։ Տարերային դեմոկրատիայի ու անսահման ազատության շքահանդես կարող էր որակվել միլանյան այցն իր բոլոր դրվագներով։ Ընդհանուր տպավորությունն հետեւյալն է․ Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հնարավորինը՝ հասկացված լինելու համար Սփյուռքում։

Զուտ անձնապես, իհարկե, ինքը կարող է հասկացված լինել, սակայն թիմի առումով լուրջ խնդիրներ կան։ Բացի այդ, ինչը որ ավելի ակներեւ է զգացվում արդեն Հայաստանն ու Սփյուռքը ունեն իրենց օրակարգերը, որոնք բավական տարամիտում են, անկախ այն հանգամանքից, որ Զարեհ Սինանյանը փորձում է բոլորի հետ լեզու գտնել հորիզոնական հարաբերություններ ստեղծելով սձյուռքյան կառույցների հետ։ Սփյուռքի համար գերխնդիրը ազգապահպանությունն է ու հայապահպանությունը։

Հայաստանի իշխանությունների համար գերխնդիրը արեւմտյան մոդելի հասարակության կառուցումն է, աշխարհի քաղաքացու պատրաստումը։ Սփյուռքի համար գերխնդիրը լեզուն է, մշակույթը, կրոնը, Հայաստանի համար գերխնդիրը ներդրումներն են ու առաջատար տեխնոլոգիաները։ Սփյուռքի համար Հայոց լեզվի, Հայ գրականության եւ Հայոց պատմության դեմ քայլ անողը ազգի դավաճան է, Հայաստանի իշխանությունների համար դա ընդամենը կրթության ոլորտի բարեփոխում է։ Այսքանը թերեւս բավարար է հասկանալու համար, որպես օրինակ, որ բերեցինք, թե որքան տարբեր են օրակարգերը Հայաստանում եւ Սփյուռքում։

Այս տեմպերում եթե շարունակվի, տարամիտումը կառաջացնի խորը վիհ հայության երկու հատվածների միջեւ՝ գոնե պաշտոնական մակարդակում։ Հայաստանի իշխանությունների ակնկալիքը Սփյուռքից պարզ է՝ «փող»՝ ներդրումի տեսքով։ Իր վարչապետության առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ այդ մասին է ազդակներ հղում։ Սփյուռքի պատասխանը մեկն է՝ փող՝ իրավունքի դիմաց, ռեալ երախիք եւ իրավունք Հայաստանի գործերում մասնակցություն ունենալու, հակառակ պարագայում՝ ոչ ոք հավես չունի ոչ պատին ծեփվելու, ոչ ասֆալտին փռվելու։ Եվ իհարկե, համազգային նշանակության ինստիտուտների հանդեպ հարգանքը, որը նույնիսկ Ստալինի օրոք է եղել։ Խնդիրն ընդամենը սա է, ու թե ինչպես այն կհանգուցալուծվի, ցույց կտա ժամանակը։