Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանի տպագիր մամուլի ղեկավարների հայտարարությունը

Հայաստանի տպագիր մամուլի ղեկավարների հայտարարությունը

64008Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ:

Հատկապես մտահոգիչ է այն, որ բռնության ենթարկված բոլոր լրագրողներն էլ կրում էին համպատասխան վկայագրերը /բեյջերը/ եւ նրանց` լրագրող լինելու մասին ոստիկանության աշխատակիցները քաջատեղյակ էին, ուստի կարելի է արձանգրել` որ հունիսի 23-ին Ոստիկանությունը միտումնավոր կերպով փորձ է արել խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս արարքին անմիջապես համապատասխան իրավական ընթացք չտրվեց: Ամբողջ տասն օր երկմտելուց հետո միայն` հուլիսի 3 –ին, օրենքով սահմանված վերջին օրը Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց: 2004թ. ապրիլից հետո սա աննախադեպ երեւույթ է, որը համապատասխան իրավական գնահատականի չարժանանալու դեպքում` կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ Հայաստանում խոսքի ազատության վրա:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեում iLur.am կայքի պատասխանատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում» չկատարելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ անցած տարի երկու լրատվամիջոցների՝ iLur.am-ի եւ «Հրապարակի» նկատմամբ՝ ինֆորմացիայի աղբյուրը հրապարակելու պարտադրանքով դատական ուժի մեջ մտած վճիռ կա, ինչն անթուլատրելի է:

Մամուլի վրա այս ակնհայտ հարձակումից զատ վերջին օրերին փորձ է արվում վերաթարմացնել նաեւ Հայաստանում անկախ մամուլին դատական գործընթացների միջոցով ֆինանսական ճնշումների ենթարկելու պրակտիկան: 24.06.2015 թվականից «Ժողովուրդ» օրաթերթի հաշվեհամարներն արգելանքի տակ են: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2011թ․ նոյեմբերի 15-ին կայացված թիվ ՍԴՈ 997 որոշմամբ սահմանված չափանիշները, ակնհայտ անհամարժեք տուգանք է սահմանել՝ օրաթերթին պատրադրելով գործարար Խաչիկ Խաչատրյանին վճարել մոտ 2 մլն դրամ: Սա նյութական ծանր բեռ է, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցությունը կունենա թերթի գործունեության վրա: «Հրապարակ» օրաթերթի դեմ եւս երկու դատական վարույթներ կան…

Մասնավորապես «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը «Հրապարակի»-ից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում:

Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսեւորումներ: Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, դատապարտում ենք խոսքի ազատության դեմ իրականացվող վերը թվարկված բռնաճնշումների բոլոր ձևերը՝ կոչ անելով իշխանություններին

1. ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից։

2. ձեռնարկել միջոցներ լրատվամիջոցներին օժանդակելու, նրանց գործունեության անկախության երաշխավորը լինելու ուղղությամբ։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«Ժամանակ» օրաթերթի եւ «1in.am» կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

«Ժողովուրդ» օրաթերթի եւ «ArmLur.am» կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի  եւ «Armtimes.com» կայքի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան

«168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան

Դիտվել է 351 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy