Հայաստանի իշխանությունները ցանկանում են մեկու...

Օրերս Արցախի նախկին ԱԱԽՔ Վիտալի Բալասանյանը խոսելով Սասան Ծռեր խմբավորման գործունեության մասին հայտարարեց, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- ասել էր Բալասանյանը և կոչ արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին րոպե առաջ հրաժարական տալ:

Բալասանյանի այս հայտարարությունից հետո մեդիաարշավ սկսվեց նրա դեմ: Իշխանական ամբողջ քարոզչամեքենան լծվեց Արցախի պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանին սևացնելուն: Այդ պրոցեսը չանցավ առանց հայհոյանքների և  սպառնալիքների:

Մեր տեղեկություններով Հայաստանի իշխանությունները, որոշում ունեն անպատասխան չթողնել Վիտալի Բալասանյանի այս հայտարարությունը: Նրան որոշել են պատժել: Բալասանյանին փորձում են ներգարվել որևէ քրեական գործում, որպես մեղադրյալ: Սակայն իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել՝ Բալասանյանը բնակվում է Արցախում և առանց տեղի իշխանությունների չեն կարող նրա նկատմամբ գործողություններ իրականացնել, իսկ Արցախի իշխանությունները դժվար թե կարողանան կյանքի կոչել Հայաստանի իշխանությունների պահանջը՝ Բալասանյանի վաստակած հեղինակությունը թույլ չի տա:

Խոսակցություններ կան, որ Բալասանյանին Հայաստանի իշխանություններին հանձնելու գործընթացը գլխի բերելու համար Արցախ կարող է մեկնել անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բալասանյանին մեկուսացնելը դարձել է իր անձնական հարցը: Իրադարձությունները կարող են այս սցենարով չզարգանալ, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները կարողանան համոզել Բալասանյանին այլևս նման հայտարարություններ չանել: Ըստ մեր աղբյուրների այս ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են: