Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսութ...

Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Այսօր մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ հանձնաժողովի աշխատանքները երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն են:

«Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և մեր երկու երկրների վարչապետների հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունըւ ահսցնել երկու հարևան և բարեկամ երկրների հարիր մակարդակի: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ երկարատև ընդմիջումից հետո համատեղ ջանքերով կարողացանք վերսկսել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները»,- ասաց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը կդառնա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման արդյունավետ ձևաչափ:

«Այսօր մեր հանձնաժողովի աշխատանքների հիմնական նպատակն է՝ մեր երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների մշակումը, ինչպես նաև երկկողմ հումանիտար կապերի ամրապնդումը»,- ասաց Ավինյանը:

Բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն և առողջապահություն. Ավինյանը վստահություն հայտնեց, որ այս ուղղություններով համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն: