Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարությունների մ...

Հունվարի 22-ին Երեւանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին (Elisabetta Belloni): Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի լրատվության ծառայությունը։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին եւ դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ գալիք բարձրաստիճան փոխայցերին:

Խորհրդակցությունների ընթացքում նաեւ մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային առկա մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին եւ կողմերի դիրքորոշումներին։