Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ար...

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ են կատարել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրել է օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ: